Եվրախորհրդարանը նախորդ ամսվա վերջին ռուոմինգի համար բջջային օպերատորների կողմից լրացուցիչ վճարը հանելու մասին օրենք ընդունեց: Որոշումն ընդունվել է Եվրամիության միասնական թվային շուկայի համար մշակված շարունակական քաղաքականության շրջանակում, հաղորդում է CNews-ը:
Օրենքի համաձայն, 2017թ. հունիսի 15-ից արգելվում է ռոումինգում գտնվող բջջային օպերատորներից զանգերի, SMS հաղորդագրությունների, կամ ինտերնետի համար լրացուցիչ վճարների գանձումն ինչպես Եվրամիության անդամ բոլոր երկրների, այնպես էլ Երոպական տնտեսական գոտու անդամ երկրների տարածքում: Նշենք, որ վերջինիս կազմի մեջ, բացի ԵՄ երկրներից, մտնում են նաև Եվրամիության հետ Ասոցացման առևտրային համաձայնագիր կնքած Իսլանդիան, Նորվեգիան ու Լիխտենշտեյնը:
Օրենքը սահմանում է ոչ միայն առանց հավելավճարի ռոումինգային միասնական ծառայությունների անցման ժամկետներն, այլև՝ սահմանված առավելագույն դրույքաչափերը: Դրանք են՝ 5 ցենտ մեկ րոպե հեռախոսազանգի համար, 2 ցենտ SMS հաղորդագրությունների և 5 ցենտ մեկ մեգաբայթ ինտերնետի համար: Մտավախությունները, որ այս սակագները կարող են չբավարարել ԵՄ անդամ բոլոր երկրներում գործող օպերատորների ծախսային պահանջները, հաշվի առնելով տնտեսական կարողությունների խիստ բազմազանությունն այդ միությունում, օրենքում ևս արտացոլված են: Մասնավորապես, օրենքն ասում է, եթե այս կամ այն երկրի օպերատորը կարող է բավարար ապացույցներ ներկայացնել, որ նշված սակագները չեն ծածկում իր ծախսերը, նրան բացառության կարգով կարող է տրվել որոշակի հավելավճարի հնարավորություն:
Ռոումինգային հավելավճարի բացառման մասին օրենքին կողմ քվեարկել են Եվրախորհրդարանի 665 պատգամավորներ: Օրենքին կային նաև դեմ հանդես եկողներ, ովքեր, մասնավորապես, նշում էին բջջային օպերատորների աշխատանքների եկամտաբերության անկման խնդիրը: Մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, օրենքն այդպիսի դեպքերի համար ունի խաղարկման հնարավորություն և նախապատվություն առավելապես տրվեց սպառողի իրավունքների պաշտպանությանը:
Նմանատիպ օրենք մշակելու անհրաժեշտությունը բխել է Եվրամիության ներքին զբոսաշրջությանը խոչընդոտող բջջային ծառայությունների թանկության խնդրից: Վիճակագրության համաձայն, ներեվրոպական զբոսաշրջային այցելություն կատարելուց հետո սպառողի հաշիվը երբեմն գերազանցում էր մի քանի հարյուր եվրոն: Այս խնդրի առկայությունը ստիպեց Եվրախորհրդարանին նման օրենք մշակել:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի նախագիծ օրերս ընդունվեց ԵԱՏՄ շրջանակում, ըստ որի անդամ երկրների միջև բջջային օպերատորների ռոումինգ ծառայությունների արժեքը կկրճատվի մինչև յոթ անգամ: Համաձայն ՌԴ Հակամենաշնորհային դաշնային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևվի խոսքերի, նախագիծը կկիրառվի կամ 2017թ.-ից, կամ 2020թ.-ից: