Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը: Ցուցակի առաջին հորիզոնականը երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Պուտինը շարունակում է ապացուցել, որ նա աշխարհի այն բացառիկ մարդկանցից է, ովքեր օժտված անհրարժեշտ ազդեցությամբ՝ անելու այն ամենը, ինչ ցանկանան և ջրից չոր դուրս գան», - գրում է Forbes-ը:
Հրատարակությունն ընդգծում է, որ չնայած Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին, ռուբլու արժեզրկմանը և տնտեսական այլ խնդիրներին՝ Պուտինի վարկանիշը շարունակում է աճել: Նշենք, որ սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության հավանության վարկանիշը հասել է պատմական առավելագույնի՝ մոտ 90 տոկոսի։ Պուտինի վարկանիշի աճը, ըստ ռուս սոցիոլոգների, կապված է Սիրիայի իրադարձությունների, ռուսական ավիացիայի գործողությունների հետ:
Պուտինն ավելի վաղ, մեկնաբանելով նման վարկանշային աղուսյակներում իր առաջատար լինելը, նշել էր, որ նման բարձր գնահատականը կապված է ոչ թե իր անձի, այլ՝ աշխարհում Ռուսաստանի ունեցած դերակատարման հետ:
Նշենք, որ վարկանիշի առաջին հնգյակը փոփոխություններ է կրել` նախորդ տարվա հետ համեմատած: Հինգերորդ հորիզոնականից երկրորդ է տեղափոխվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մերկելը ԵՄ ողնաշարն է: Նրա վճռական գործողությունները սիրիացի փախստականների խնդրի կարգավորման, ինչպես նաև Հունաստանի պարտքերի հետ կապված նպաստել են նրա վարկանշի բարձրացմանը», - գրում է Forbes-ը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ընդհակառակը, երկրորդ հորիզոնականից իջել է երրորդ: Վարկանշային աղուսյակի հեղինակներն արձանագրում են, որ չնայած ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի ամենահզոր տնտեսական և ռազմական գերտերությունը, Օբամայի ազդեցությունը նվազում է, «նա պայքարում է, որ իր որոշումները կյանքի կոչվեն»: «ԱՄՆ-ում նրա վարկանիշը 50 տոկոսից էլ ցածր է», - ընդգծում է Forbes-ը:
Չորրորդ տեղում, ինչպես և 2014-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է: Հնգյակը եզրափակում է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը, ով նախկինում վարկանիշի երրորդ հորիզոնականում էր:
Ըստ Forbes-ի աշխարհի ամենազդեցիկ մարդկանց լավագույն տասնյակում է նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջենեթ Ելենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը և նրա հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդին, Google-ի հիմնադիր Լարի Փեյջը:
Այս տարի վարկանիշում ներառվել է 73 մարդ, այդ թվում` 9 կին: Ցուցակը հրապարակվում է ամեն տարի՝ 2004 թվականից սկսած: