Ադրբեջանում մի խումբ իսլամիստներ բողոքի ակցիա են անցկացրել Բակիխանով գյուղի ոստիկանության բաժանմունքնի մոտ այն բանից հետո, երբ ձերբակալվել է «Մուսուլմանների միասնություն» (հիմնադրվել է 2015 թվականի հունվարին) շարժման փոխնախագահ Էլչին Հասըմլին, փոխանցում է musavat.com-ը:
Նշվում է, որ Հասըմլիի ձերբակալության պատճառը նրա կողմից Նարդարանի մզկիթում հնչեցրած քննադատությունն է` շարժման ղեկավար Տալե Բագիրզադեին ոստիկանությունում դաժան ծեծի ենթարկելու առնչությամբ:
Նախօրեին շարժման զայրացած հետևորդները շրջափակել էին ոստիկանական բաժանմունքը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Հասըմլիին: «Մուսուլմաննե՛ր, երկրում իշխող վարչակարգը ժողովրդին սադրում է անկարգությունների: Այսօր նրանք ձերբակալել են աստվածաբան Էլչին Հասըմլիին: Մենք պահանջում ենք նրան անհապաղ ազատ արձակել», - իր կողմնակիցներին է դիմել Ադրբեջանի շիա-մուսուլմանների առաջնորդ Տալե Բագիրզադեն: Նա նաև նշել է, որ Ադրբեջանում ձերբակալվածները ենթարկվում են դաժան ծեծի՝ զգուշացնելով, որ իշխանությունները պատասխանատվություն կկրեն Հասըմլիի նկատմամբ իրականացված ցանկացած ոչ իրավաչափ գործողության համար: Բագիրզադեի այս կոչն իշխանություններն արդեն որակել են որպես հակաիշխանական կոչ:
Բողոքի ակցիան ցրվել է ոստիկանության կողմից, հաղորդվում է 20 ձերբակալվածների մասին:
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանական հասարակությունում բավական տարածվել են իսլամիստական տրամադրությունները: Սա կապված է ինչպես «Իսլամական պետության» գործունեության և տարածաշրջանի համընդհանուր իսլամականացման, այնպես էլ Ադրբեջանում քաղաքական այլընտրանքի բացակայության և սոցիալական դժգոհության հետ. Ալիևի բռնապետական վարչակարգի դեմ հասարակության որոշ շերտեր փորձում են պայքարել իսլամի միջոցով: Իսլամիստներն արդեն առաջին հարձակումներն են սկսել հռչակված աշխարհիկ պետականության դեմ: Կանանց գլխաշորերն ուսումնական հաստատություններում, մասնավորապես, դպրոցներում թույլատրելու պահանջներին զուգահեռ, իսլամիստներն պահանջում են Բաքվի մետրոյում առանձին վագոններ միայն կանանց համար, ինչպես դա արվում է Եգիպտոսում և Իրանում: «Վերջին շրջանում մեր ժողովրդի բարոյական հիմքերը սկսել են կորչել, մենք պետք է վերադառնանք մեր ակունքներին», - հայտարարել են Ադրբեջանում իսլամիստների մամուլի ծառայությունում:
Ավելացնենք, որ հստակ տեղեկություններ չկան Ադրբեջանում իսլամիստների քանակի մասին: Որոշ աղբյուրների համաձայն՝ նրանց թիվը հասնում է 40-50 հազարի: