Որքա՞ն հաճախ են եվրոպական երկրները բարեփոխում իրենց սահմանադրությունը

22:08     13 նոյեմբերի, 2015

 

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն,«Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ, սկսում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:


Սահմանադրական բարեփոխումներն արտացոլում են երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցող հիմնական փոփոխություններն ու դրանց տալիս իրավական հիմքեր: Կայացած ժողովրդավարությունների պարագայում այդ փոփոխությունները, որպես կանոն, իրականացվում են` երկրի կայնքի ոլորտներից որևէ մեկում առկա հիմնարար խնդիրներին լուծումներ տալու, բացերը շտկելու համար, այսինքն` դրանք քաղաքական մշակույթի արդյունք են: Զարգացող երկրներում, որոնք դեռևս գտնվում են ժողովրդավարացման փուլում, սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարացման գործընթացի հաջորդ փուլ անցում կատարելու կարևոր քայլ են և իրականացվում են` առկա ձեռքբերումների ամրագրման, նպատակների սահմանման, ինչպես նաև նոր քաղաքական մշակույթ ձևավորելու համար:  

Սահմանադրական բարեփոխումների այս փուլում Հայաստանում հաճախ քննարկվում է նաև երկրի քաղաքական կայունության վրա նման արագ փոփոխությունների հնարավոր ազդեցությունը, իսկ հաճախակի փոփոխությունները դիտարկվում են բավական ռիսկային:

Սույն հոդվածում առաջարկում ենք համեմատական անցկացնել եվրոպական երկրներում սահմանադրական փոփոխությունների հետ, համեմատալ դրանց հաճախականությունն ու հիմնական նպատակները: Առաջնային ուշադրություն ենք դարձրել արևելաեվրոպական երկրների փորձին, որոնք իրենց անկախ պետականության կերտման գործընթացը, ինչպես և Հայաստանը, սկսել են 1990թ.-ից հետո:

Խնդրի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ներկայացնենք աղյուսակ, որտեղ պատկերված է, թե արևելաեվրոպական որ երկիրը քանի անգամ է իրականացրել սահմանադրական բարեփոխումներ:

Երկիր

Սահմանադրության ընդունման թիվը

Բարեփոխումների քանակը

Լատվիա

1990

10

Չեխիա

1992

8

Սլովենիա

1990

7

Սլովակիա

1992

6

Բուլղարիա

1991

4

Խորվաթիա

1990

4

Էստոնիա

1992

3

Լիտվա

1992

2

Սերբիա

1990

1

Ռումինիա

1991

1

Լեհաստան

1992

0

Բոսնիա և Հերցոգովինա

1995

0

Իրականացված բարեփոխումների բնույթը հասկանալու համար առավել մանրամասն անդրադառնանք խորհրդարանական կառավարման ձև ունեցող և առավել հաճախ սահմանադրական փոփոխություններ կատարած երկրներից երկուսին՝ Սլովակիային և Լատվիային։

Սլովակիայում, որն անկախություն է ձեռք բերել ԽՍՀՄ փլուզումից հետո,  Սահմանադրությունը հաստատվել է 1992թ.-ին: Հետագայում այն 6 անգամ փոփոխություններ է կրել`1998, 1999, 2001, երկու անգամ 2004 և 2014թթ․: Բարեփոխումները միտված են եղել հստակեցնել լիազորությունների բաշխումն իշխանության երեք ճյուղերի միջև, կարգավորել հարաբերությունները պետական ինստիտուտների միջև։ Ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Արդարադատության խորհուրդը, ամրապնդվել են սահմանադրական դատարանի դիրքերը, ձևավորվել է ինքնակառավարվող ադմինիստրատիվ երկրորդ օղակ՝ ընդլանվել է ՏԻՄ ինքնուրույնությունը:

1998թ.-ի բարեփոխումներով սահմանվել են նախագահի ուղիղ ընտրություններ, միաժամանակ նրա լիազորությունների մի մասը փոխանցվել է խորհրդարանի խոսնակին և վարչապետին:

Բավական խորքային փոփոխություններ տեղի են ունցել 2001թ.-ին, երբ Սլովակիան միացել է Եվրամիությանը  և ընդունել է առկա բոլոր միջազգային համաձայնագրերը, փոխվել է ընտրական համակարգը, դատավորների նշանակման իրավունքը խորհրդարանից փոխանցվել է նախագահին, փոփոխություններ են կրել մի շարք ինստիտուտներ:

 Լատվիայում Սահմանադրության հոդվածների մեծ մասը, բացառությամբ մի քանիսի, կարող է փոփոխության ենթարկվել Սեյմի կողմից։

Կատարված բազմաթիվ շտկումները վերաբերել են  ընտրական իրավունքը ստանալու տարիքային շեմին, իշխանության ճյուղերի միջև լիազորությունների բաշխմանը, լեզվի պաշտոնական կարգավիճակին, մարդու իրավունքներին առնչվող դրույթների ընդլայնմանը և այլն։ 2003թ․-ին մի շարք փոփոխություններ են կատարվել՝ կապված ԵՄ-ին Լիտվայի անդամակցության հետ։

2004թ․-ին որոշակի փոփոխություններ են կրել նախագահի լիազորությունները, ինչպես նաև ընդլայնվել է ԵՄ անդամ երկրների քաղաքացիների՝ տեղական ընտրություններին մասնակցելու իրավունքը, իսկ 2009թ․-ին կատարված փոփոխություններով ընտրազանգվածին հնարավորություն է տրվել լուծարել Խորհրդարանը։

 Հովածում ընտրվել էին մասնավորապես արևելաեվրոպական երկրների օրինակները, քանի որ դրանցում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացներն իրենց ժամանակահավածով և փուլերով առավել մոտ են Հայաստանին։ Բացի այդ, կենտրոնական և արևմտյան Եվրոպայի երկրներում սահմանադրական փոփոխություններն իրենց բնույթով, դրանց հանգեցնող գործոններով և գործընթացների արագությամբ զգալիորեն տարբերվում են հետխորհրդային երկրներից։

Եվրոպական այս երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները, դրանցում մասնակի կամ ամբողջական փոփոխությունները բավական մեծ տարածում ունեն եվրոպական երկրներում։ Վերջին 20 տարիների ընթացքում երկրների մեծ մասն առնվազն 3-4 անգամ փոփոխել են Սահմանարության դրույթները։ Իսկ փոփոխությունները մեծամասամբ նպատակ են հետապնդել ձևավորել նոր ինստիտուտներ, ընլայնել կամ շտկել մարդու իրավունքներին առնչվող դրույթները, ինչպես նաև վերաբաշխել իշխանությունը գործադիր և օրենսդիր մարմինների միջև, տեղայնացնել եվրոպական չափորոշիչներն ու ընդլայնել ժողովրդավարությունը։ Միաժամանակ, խորհրդարանական կառավարման ձևն ընտրած երկրներում այդ փոփոխությունները միտում ունեն մշտապես ընդլայնել խորհրդարանի լիազորությունները։ 


© armedia.am