Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն,«Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ, սկսում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:
Սահմանադրական բարեփոխումներն արտացոլում են երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցող հիմնական փոփոխություններն ու դրանց տալիս իրավական հիմքեր: Կայացած ժողովրդավարությունների պարագայում այդ փոփոխությունները, որպես կանոն, իրականացվում են` երկրի կայնքի ոլորտներից որևէ մեկում առկա հիմնարար խնդիրներին լուծումներ տալու, բացերը շտկելու համար, այսինքն` դրանք քաղաքական մշակույթի արդյունք են: Զարգացող երկրներում, որոնք դեռևս գտնվում են ժողովրդավարացման փուլում, սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարացման գործընթացի հաջորդ փուլ անցում կատարելու կարևոր քայլ են և իրականացվում են` առկա ձեռքբերումների ամրագրման, նպատակների սահմանման, ինչպես նաև նոր քաղաքական մշակույթ ձևավորելու համար:
Սահմանադրական բարեփոխումների այս փուլում Հայաստանում հաճախ քննարկվում է նաև երկրի քաղաքական կայունության վրա նման արագ փոփոխությունների հնարավոր ազդեցությունը, իսկ հաճախակի փոփոխությունները դիտարկվում են բավական ռիսկային:
Սույն հոդվածում առաջարկում ենք համեմատական անցկացնել եվրոպական երկրներում սահմանադրական փոփոխությունների հետ, համեմատալ դրանց հաճախականությունն ու հիմնական նպատակները: Առաջնային ուշադրություն ենք դարձրել արևելաեվրոպական երկրների փորձին, որոնք իրենց անկախ պետականության կերտման գործընթացը, ինչպես և Հայաստանը, սկսել են 1990թ.-ից հետո:
Խնդրի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ներկայացնենք աղյուսակ, որտեղ պատկերված է, թե արևելաեվրոպական որ երկիրը քանի անգամ է իրականացրել սահմանադրական բարեփոխումներ:
Երկիր |
Սահմանադրության ընդունման թիվը |
Բարեփոխումների քանակը |
Լատվիա |
1990 |
10 |
Չեխիա |
1992 |
8 |
Սլովենիա |
1990 |
7 |
Սլովակիա |
1992 |
6 |
Բուլղարիա |
1991 |
4 |
Խորվաթիա |
1990 |
4 |
Էստոնիա |
1992 |
3 |
Լիտվա |
1992 |
2 |
Սերբիա |
1990 |
1 |
Ռումինիա |
1991 |
1 |
Լեհաստան |
1992 |
0 |
Բոսնիա և Հերցոգովինա |
1995 |
0 |
Իրականացված բարեփոխումների բնույթը հասկանալու համար առավել մանրամասն անդրադառնանք խորհրդարանական կառավարման ձև ունեցող և առավել հաճախ սահմանադրական փոփոխություններ կատարած երկրներից երկուսին՝ Սլովակիային և Լատվիային։
Սլովակիայում, որն անկախություն է ձեռք բերել ԽՍՀՄ փլուզումից հետո, Սահմանադրությունը հաստատվել է 1992թ.-ին: Հետագայում այն 6 անգամ փոփոխություններ է կրել`1998, 1999, 2001, երկու անգամ 2004 և 2014թթ․: Բարեփոխումները միտված են եղել հստակեցնել լիազորությունների բաշխումն իշխանության երեք ճյուղերի միջև, կարգավորել հարաբերությունները պետական ինստիտուտների միջև։ Ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Արդարադատության խորհուրդը, ամրապնդվել են սահմանադրական դատարանի դիրքերը, ձևավորվել է ինքնակառավարվող ադմինիստրատիվ երկրորդ օղակ՝ ընդլանվել է ՏԻՄ ինքնուրույնությունը:
1998թ.-ի բարեփոխումներով սահմանվել են նախագահի ուղիղ ընտրություններ, միաժամանակ նրա լիազորությունների մի մասը փոխանցվել է խորհրդարանի խոսնակին և վարչապետին:
Բավական խորքային փոփոխություններ տեղի են ունցել 2001թ.-ին, երբ Սլովակիան միացել է Եվրամիությանը և ընդունել է առկա բոլոր միջազգային համաձայնագրերը, փոխվել է ընտրական համակարգը, դատավորների նշանակման իրավունքը խորհրդարանից փոխանցվել է նախագահին, փոփոխություններ են կրել մի շարք ինստիտուտներ:
Լատվիայում Սահմանադրության հոդվածների մեծ մասը, բացառությամբ մի քանիսի, կարող է փոփոխության ենթարկվել Սեյմի կողմից։
Կատարված բազմաթիվ շտկումները վերաբերել են ընտրական իրավունքը ստանալու տարիքային շեմին, իշխանության ճյուղերի միջև լիազորությունների բաշխմանը, լեզվի պաշտոնական կարգավիճակին, մարդու իրավունքներին առնչվող դրույթների ընդլայնմանը և այլն։ 2003թ․-ին մի շարք փոփոխություններ են կատարվել՝ կապված ԵՄ-ին Լիտվայի անդամակցության հետ։
2004թ․-ին որոշակի փոփոխություններ են կրել նախագահի լիազորությունները, ինչպես նաև ընդլայնվել է ԵՄ անդամ երկրների քաղաքացիների՝ տեղական ընտրություններին մասնակցելու իրավունքը, իսկ 2009թ․-ին կատարված փոփոխություններով ընտրազանգվածին հնարավորություն է տրվել լուծարել Խորհրդարանը։
Հովածում ընտրվել էին մասնավորապես արևելաեվրոպական երկրների օրինակները, քանի որ դրանցում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացներն իրենց ժամանակահավածով և փուլերով առավել մոտ են Հայաստանին։ Բացի այդ, կենտրոնական և արևմտյան Եվրոպայի երկրներում սահմանադրական փոփոխություններն իրենց բնույթով, դրանց հանգեցնող գործոններով և գործընթացների արագությամբ զգալիորեն տարբերվում են հետխորհրդային երկրներից։
Եվրոպական այս երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունները, դրանցում մասնակի կամ ամբողջական փոփոխությունները բավական մեծ տարածում ունեն եվրոպական երկրներում։ Վերջին 20 տարիների ընթացքում երկրների մեծ մասն առնվազն 3-4 անգամ փոփոխել են Սահմանարության դրույթները։ Իսկ փոփոխությունները մեծամասամբ նպատակ են հետապնդել ձևավորել նոր ինստիտուտներ, ընլայնել կամ շտկել մարդու իրավունքներին առնչվող դրույթները, ինչպես նաև վերաբաշխել իշխանությունը գործադիր և օրենսդիր մարմինների միջև, տեղայնացնել եվրոպական չափորոշիչներն ու ընդլայնել ժողովրդավարությունը։ Միաժամանակ, խորհրդարանական կառավարման ձևն ընտրած երկրներում այդ փոփոխությունները միտում ունեն մշտապես ընդլայնել խորհրդարանի լիազորությունները։