ԱՄՆ հետախուզությունը հակված է այն վարկածին, որ Փարիզի ահաբեկչությունները, դատելով իրենց կատարման բարդությունից, հնարավոր է կազմակերպել է «Ալ- Կաիդա» ահաբեկչական խմբավորումը, այլ ոչ թե «Իսլամական պետությունը», հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզությունում ահաբեկչության դեմ պայքարի հարցով բարձրաստիճան պաշտոնյային:
«Փարիզում հարձակումներն իրենց բարդությամբ չեն համապատասխանում ԻՊ-ի աշխատանքին: Համակարգման մակարդակն ավելի շուտ մատնանշում է «Ալ- Կաիդա»-ին»,- հայտնում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ այս գիշեր Փարիզում մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, 3 պայթյուն հնչել է մարզադաշտի հարևանությամբ: Բացի այդ, ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով՝ մահացել է ավելի քան 150 մարդ: