Այլ երկրների կողմից եվրոպական խաղերը անցկացնելու ցանկության բացակայության պայմաններում Ադրբեջանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ Եվրոպական հաջորդ խաղերն ընդունելու խնդրանքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: «Բաքուն խնդրել է մեզ անցկացնել Եվրոպական խաղերը, քանի որ որևէ երկիր դա չի ցանկանում: Սակայն, մենք ևս հրաժարվել ենք», - նրա խոսքերը մեջ է բերում РИА Новости-ն:
Հարկ է նշել, որ Բաքվում հերքում են այս տեղեկությունները: «Հայտարարում ենք, որ ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ սպորտի և երիտասարդության նախարարությունը նման խնդրանքով չեն դիմել ոչ միայն Ռուսաստանի կառավարության, այլ նաև ՌԴ առանձին պաշտոնատար անձանց», - ասվում է Ադրբեջանի սպորտի նախարարության տարածած հայտարարությունում:
Հաղորդվում է նաև, որ Բաքուն Ռուսաստանի ստորտի նախարարությունն այս կապացությամբ հարցում է ուղարկել, քանի որ կարծում է, որ ռուսական լրատվամիջոցներն աղավաղել են Մուտկոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 12-28-ը Բաքվում տեղի ունեցան Եվրոպական առաջին խաղերը, որոնք ԶԼՄ-ների հաշվարկներով Ադրբեջանին արժեցել են 10 միլիարդ դոլար: Չնայած ադրբեջանական իշխանությունների նման շռայլությանը, Եվրոպական խաղերը չարժանացան ադրբեջանական իշխանությունների սպասած «արժանի» ուշադրության միջազգային հանրության կողմից, ավելի շուտ դրանք ծառայեցին Ադրբեջանի հակագովազդին: Բաքվի խաղերից հետո հուլիսի սկզբին Նիդեռլանդները հրաժարվեց իր հարկի տակ անցկացնել հաջորդ խաղերը, որոնք պետք է կայանան 2019 թվականին: Մինչ այժմ ոչ մի երկիր խաղերը անցկացնելու ցանկություն չի հայտնել:
Հարկ է նշել, որ խաղերի կազմակերպումը հանդիսանում է եվրոպական օլիմպիական կոմիտեի պարտավորությունը: Սակայն, ակնհայտ է, որ Բաքվում անհանգստանում են, քանի որ Եվրոպական երկրորդ խաղերը կարող են ընդհանրապես չկայանալ: Տվյալ պարագայում կստացվի, որ ադրբեջանական իշխանությունները հսկայական գումարներ են վատնել մի միջոցառման համար, որը մեծ հաշվով որևէ մեկին պետք չէ: Բացի այդ, ստացվում է այնպես, որ Բաքվում կայացած եվրոպական խաղերը այնպիսի համբավ են ստացել, որ դրանից հետո ոչ մի երկիր չի ցանկանում կազմակերպել դրանք: