Նոյեմբերի 21-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում`Գանձասար վանական համալիրում, տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան- Գանձասար գիտամշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հոգևորականներ, գիտական, հասարակական և քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:
Միջոցառմանն իրենց բարեմաղթանքներով ու սրտի խոսքերով ելույթ ունեցան ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարար Նարինե Աղաբալյանը, Հրաչյա Թամրազյանը և այլոք:
Բացման արարողության հետ մեկտեղ տեղի է ունեցել Մատենադարանի գիտաշխատողների «Արցախի մանրանկարչական արվեստը» և «Արցախի գրչության կենտրոնները» գրքերի շնորհանդեսը:
Մատենադարան մտնելուց առաջ կարմիր ժապավենը կտրեցին Արցախի մշակույթի և երիտասարդության նախարարը, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը և «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Մեկենաս Գաբրիել Չեմբերջյանը: Կենտրոնը կազմված է գիտական և թանգարանային մասերից, մշակութային տարաբնույթ միջոցառումների անցկացման համար նախատեսված դահլիճից, գրադարանից ու ընթերցասրահից:
Արցախում մատենադարան հիմնելու գաղափարը իրագործվեց Արցախի հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, «Փյունիկ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Երևանի Մատենադարանի ակտիվ օժանդակությամբ:
Գևորգյան Նոննա, Մուսայելյան Մելինե
ԱրՊՀ. լրագրության 3-րդ կուրս