Ռուսաստանի նախագահն ավարտել է վերջին 8 տարվա ընթացքում իր առաջին այցն Իրան: Տարածաշրջանային ակտիվ զարգացումների ֆոնի վրա Իրան-Ռուսաստան երկկողմ բանակցություններն առանձնակի կարևորություն ունեն:
Ռուսական TASS գործակալությունը հայտնում է̦ որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման արդյունքում մի շարք երկկողմ պայմանագրեր են կնքվել: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին հայտնել է̦ որ քննարկել են գազի փոխանակման գործարքները: Պուտինն ասել է̦ որ Ռուսաստանը մտադիր է 2035 թվականին գազի արտադրության ծավալն ավելացնել 40 տոկոսով:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է̦ որ ԵԱՏՄ-ն սկսելու է ուսումնասիրել Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունները̦ հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Ակտիվացվելու է արդյունաբերական փոխգործակցությունը: Ռուսաստանը պատրաստ է այս նպատակի համար 5 միլիարդ դոլար պետական վարկ տրամադրել»̦ - ասել է Ռուսաստանի նախագահը` հավելելով̦ որ կողմերի միջև շարունակվելու է համագործակցությունը նաև ատոմային էներգետիկայի բնագավառում:
Չնայած վերոնշյալ հարցերի կարևորությանը` միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր սիրիական ճգնաժամի շուրջ քննարկումների վրա: Կողմերը պայմանավորվել են շարունակել ահաբեկչության դեմ պայքարի համակարգումը: Այս տեսանկյունից հատկապես կարևոր էր Պուտինի և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոմենեիի հանդիպումը: Ինչպես ընդգծում է Lenta.ru-ն̦ Պուտինն ու Հոմենեին վերջին անգամ հանդիպել են 2007 թվականին: Դա ռուս ղեկավարի առաջին այցն է եղել Թեհրան այն բանից հետո̦ երբ 1943 թվականին Իոսիֆ Ստալինը վերջին անգամ այցելել էր Իրանի մայրաքաղաք:
Թե ինչի մասին են մեկ ժամից ավել տևած հանդիպման ժամանակ խոսել Պուտինն ու Հոմենեին̦ լրագրողներին պատմել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Խոսակցությունը վերաբերվել է հատկապես Սիրիային: Կողմերը համակարծիք են եղել̦ որ Բաշար Ասադի ապագան կարող են որոշել միայն սիրիացիները: Հոմենեին ընդգծել է̦ որ ԱՄՆ-ը իրավունք չունի արհամարհել Սիրիայի ժողովրդի ձայնը: Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքով տարածաշրջանում գերիշխելու ԱՄՆ-ի ձգտումը սպառնում է Իրանին և Ռուսաստանին: