Նոյեմբերի 24-ին ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Իրան: Չնայած այցի գերակշռող քաղաքական նպատակը համագործակցությունն էր սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, կողմերն այցով հետապնդում էին նաև տնտեսական ոլորտում համագործակցության լուրջ ակնկալիքներ: ՌԴ ղեկավարի երկօրյա այցի ավարտին պատրաստ է ՌԴ-Իրան համագործակության մեծ փաթեթը:
Ռուսաստանն այսօր լինելով առևտրատնտեսական մեծ շրջափակման մեջ, հայտնվել է սպառման շուկա ունենալու խիստ կարիքի մեջ: Որպես իրացման շուկա՝ փրկող դեր ունի ԵԱՏՄ համախառն շուկան, սակայն սա բավարար չէ: Մի կողմից այս, մյուս կողմից Իրանի հետ գազային ոլորտում հնարավոր մրցախցությունից խուսափելու ձգտումը ստիպեց ՌԴ ղեկավարին ամեն ինչ անել՝ իրանական գործոնն իր վերահսկողության տակ պահելու համար:
Ըստ էության, ռուսական կողմի վերոնշյալ պայմանական ասած «կարիքներն» արտացոլված են այցի շրջանակում քննարկված ու ձեռք բերված համաձայնությունների շարքում:
Փորձենք ներկայացնել դրանք տարանջատված.
Առևտուր
Այցի արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշեց ԵԱՏՄ – Իրան միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հավանականության մասին: Իրանական կողմի հավաստմամբ, ՌԴ-Իրան առևտրաշրջանառությունը մեկ մլրդ դոլարից մի քիչ ավել է[1], ինչը չի բավարարում կողմերից ոչ մեկին:
Արդյունաբերություն
Պուտինի հայտարարության համաձայն, Մոսկվան ու Թեհրանը որոշել են համագործակցել նաև արդյունաբերության ոլորտում, ինչի համար ՌԴ 5 մլն դոլարի վարկ կտրամադրի Թեհրանին:
Էներգետիկ ոլորտ
Կողմերի հավաստմամբ, խորանալու է համագործակցությունն էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում: Նպատակների մեջ է չորս էներգաբլոկների կառուցումը համախառն 350 ՄԲԹ հզորությամբ: Ռուսաստանը նաև ակտիվ միջնորդություն կունենա Իրանում ուրանի հարստահարման գործում՝ գիտական նպատակներով ստաբիլ իզոտոպերի արտադրության համար:
ՌԴ-Իրան, ինչպես բնութագրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «որակական նոր փուլ մտած» հարաբերությունները չեն դրսևորվում միայն այսքանով:
Այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի ու պայմանագրերի քանակը հասնում է 35-ի, ինչը ներառում է համագործակցությունը ծովային տերմինալների կառուցման, էներգետիկայի, երկաթգծերի և այլ ոլորտներ: