Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը զրուցել են թուրքական օդային տարածքը հատած ռուսական ինքնաթիռի խոցման մասին։ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն աջակցում են Թուրքիայի՝ ազգային անվտանգությունը պաշտպանելու իրավունքին: Նախագահներ Էրդողանն ու Օբաման խոսել են նման դեպքերի կրկնությունը կանխելու համար ձեռնարկվելիք քայլերի մասին ու հայտնել, որ համակարծիք են հարկադրված խոցման անհրաժեշտության հարցում։
Երկու առաջնորդները նշել են, որ համակարծիք են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը շարունակելու հարցում միասնական վերաբերյալ։
Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։