Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր մտահոգությունն է հայտնել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 օդանավը խոցելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ տեղի է ունեցել լուրջ միջադեպ, որը կարող է բարդացնել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում միջազգային ջանքերը և սրել այդ հակամարտությունը։
«Դա կարող է նշանակել, որ մենք ոչ միայն կարող ենք անհաջողություն գրանցել, այլ նաև փլուզվելու է հույսի պատը, որը մենք կառուցում էինք»,- ասել է Շտայնմայերը DPA գործակալությանը։
Արտգործնախարարը դիմել է Ռուսաստանին և Թուրքիային՝ կոչ անելով գիտակցել իրենց պատասխանատվությունը և անմիջական երկխոսություն սկսել։ «Ես հույս ունեմ, որ Մոսկվան և Անկարան ողջախոհ կգտնվեն։ Հիմա շատ բան կախված է երկու կողմերի հետագա արձագանքից»,- ասել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից խոցվել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ Ռուսական կողմը պնդում է, որ կործանիչը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում։ Թուրքիան իր հերթին հայտարարում է, որ կործանիչը խոցվել է թուրք-սիրական սահմանը հատելուց հետո։