Թուրքիան կասեցրել է երկկողմ հարաբերությունները Պարագվայի հետ և սպառնում է բոյկոտել նաև այդ երկրի հետ առևտուրը: Այդ մասին հայտնում է Asbarez-ը` նշելով, որ թուրքական կողմի նման դիրքորոշումը պայմանավորված է հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունմամբ:
Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասը, ով ղեկավարում է նաև Պարագվայում և Ուրուգվայում թուրքական հյուպատոսարանները, օրինագծի առնչությամբ հանդիպել է Պարագվայի Սենատի արտաքին և միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոգադոյին` իր անհամաձայնությունը հայտնելով հարցի շուրջ:
Հանդիպումից հետո Բոգադոն մանրամասնել է, որ Կարակասին առանձնապես անհանգստացրել է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած դեպքերը «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելը:
Պարագվայցի պաշտոնյան միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը չի պարտադրում երկրի կառավարությանն ընդունել այն և դրա հիման վրա վարել արտաքին քաղաքականությունը:
Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանն այս կապակցությամբ նշել է, որ Թուրքիայի իշխանություններն իրենց դեսպանի միջոցով աննախադեպ ճնշում են գործադրում, ինչպես նաև շանտաժի են ենթարկում Պարագվային։