Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմնի եռօրյա ժողովի մասնակիցներին` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար, ԵԵԿ-ի ղեկավար մարմնում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի, - հայտնում է Tert.am-ը:
Ողջունելով Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ներկայացուցիչներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ հայ ժողովրդի համար նվիրական այս տարում, երբ հայությունն ամենուրեք ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵԵԿ ղեկավար մարմինը, ընդառաջ Ամենայն Հայոց Հայրապետի հրավերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է անցկացնում իր տարեկան ժողովը: