Մոսկվան հավաստիացնում է, որ ռուսական «Սու 24» ռմբակոծիչը խոցած թուրքական կողմի գործողությունները լուրջ հետևանքներ կունենան երկկողմանի հարաբերությունների համար ու անարձագանք չեն մնա, ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է այսօր:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության տվյալներով նոյեմբերի 25-ին Կոպենհագենում կայացել է Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովի զրույցը Դանիայի ԱԳն ղեկավար Քրիստիան Յենսենի հետ, նաև խորհրդակցություններ՝ Դանիայի նախարարության քարտուղարի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Միջազգային խնդիրների քննարկման շրջանակում ռուսական կողմը միջադեպի վերաբերյալ մանրակրկիտ գնահատականներ է տվել, երբ թուրքական ՌՕՈւ Սիրիայում ոչնչացրել են ռուսական «Սու 24 Էմ» օդանավը: Շեշտվել է Թուրքիայի գործողությունների բացահայտ միտումնավոր ու սադրիչ բնույթը և նշվել, որ դրանք լուրջ հետևանքներ կունենան երկկողմ հարաբերությունների համար ու անարձագանք չեն մնա»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: