Սարսանգի ջրամբարն ու ամբարտակը շատ լավ վիճակում են գտնվում և համապատասխանում են բոլոր միջազգային չափանիշներին։ Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ հերթական ադրբեջանամետ քայլը։
«Սարսանգի ամբարտակը շատ լավ վիճակում է գտնվում, և դա ասում ենք ոչ միայն մենք։ Ջրամբարը բազմիցս այցելել են նաև արտասահմանցի մասնագետները, որոնք հաստատում են մեր հայտարարությունը։ Ինչ վերաբերում է Սարսանգի կապակցությամբ ադրբեջանական հիստերիային, ապա ամբարտակի «անհուսալիության» մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հերթական սև PR-ի փորձ են»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ զեկուցողն անգամ չի այցելել ջրամբար, որի մասին զեկույց է պատրաստել, ապա ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ զեկուցողն անում է այն, ինչ նրան թելադրել է Ադրբեջանը։ «Ցավում եմ, որ ԵԽԽՎ-ն դառնում է կոռումպացված համակարգի մասնիկը»,- ասել է Բաբայանը։
Միաժամանակ նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ընդունել բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնում օբյեկտիվ ուսումնասիրել իրավիճակը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ-ն նախօրեին ուշ երեկոյան հրապարակել էր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները զուրկ են ջրից» թեմայով զեկույցի նախագիծը։ Դրա հեղինակը Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է։ Փաստաթուղթը ներկայացվելու է սոցիալական հարցերով հանձնաժողովին։ Զեկույցում մասնավորապես առաջարկվում է «ափսոսանք հայտնել ԵԽԽՎ-ին վերանորոգման աշխատանքների թերի իրականացման համար, ինչը սպառնալիք է ստեղծում ողջ սահմանամերձ տարածաշրջանի համար»։
Նշենք, որ Մարկովիչը նման հայտարարություններ է արել առանց տեղանքին ծանոթանալու, քանի որ հրաժարվել էր այցելել Լեռնային Ղարաբաղ։ Որպես պատճառ՝ նա նշել էր հայկական կողմի ստեղծած խոչընդոտները։ ԼՂՀ նախագահին այցելության խնդրանքով նամակ գրել նա նույնպես հրաժարվել էր։