ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության միջև ընթացած բանակցությունների արդյունքում ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերքի արտադրությամբ կամ վերամշակմամբ զբաղվող հայկական ընկերությունները կարող են զբաղվել 72OC և ավելի բարձր ջերմաստիճանի ներքո մշակված մսամթերքի արտահանմամբ: Արդյունքում ՀՀ Կառավարությունն իր հերթին բարենպաստ պայմաններ է ստեղծում հայկական արտադրանքի արտահման համար՝ փոփոխություններ կատարելով ոլորտի կարգավորմանն ուղղված որոշումների մեջ:
Մասնավորապես, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակվել և նախապատրաստվել է ԻՍՕ 10304-1:2007 միջազգային ստանդարտին ներդաշնակ «Ջրի որակ. բրոմիդների, քլորիդների, նիտրատների, ֆոսֆատների հետազոտությունը հեղուկային իոնափոխանակման քրոմատոգրաֆիկ մեթոդով» ստանդարտը՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկությամբ:
Կառավարությունն էլ իր հերթին նոյեմբերի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծով հաստատեց ԵԱՏՄ ТР ТС 034/2013 «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման անհրաժեշտությունը ոլորտի տնտեսվարողների կողմից: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրում բաստուրմայի և սուջուխի վերաբերյալ ազգային ստանդարտի մշակում կապահովվի:
ՀՀ տնտեսության համար սա շատ մոտիվացնող քայլ է երկու մասով. նախ, որ ոլորտի շահագրգիռ կողմերը արտահանման հնարավորությունից օգտվելու համար պետք է գրանցվեն ԵԱՏՄ ռեգիստրում, մյուս կողմից՝ Հայաստանը կարող է ԵԱՏՄ շուկայում հանդես գալ սեփական բրենդով:
Լավ կլինի, որ գործընթացը լինի շարունակական ու ընդգրկի նաև այլ ոլորտներ, որոնցով կարելի է եվրասիական միասնական շուկայում հանդես գալ հայկական դեմքով: Դրանցից կարող են լինել հայկական չրարտադրությունը, գորգագործությունը, տրիկոտաժի արտադրությունը, կոշիկի և այլ ապրանքատեսակների արտադրությունը: Հասկանալի է, որ նշված ապրանքների արտահանումը, ապրանքի արտադրական ծավալի աճին զուգահեռ, կստեղծեն նաև նոր աշխատատեղեր երկրում՝ ապահովելով բնակչության զբաղվածությունն ու կրճատելով սոցիալական մի շարք խնդիրներ: