Երևանում Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 25-ին վնասազերծված հանցավոր խմբավորումը ահաբեկչական հարձակումներ էր ծրագրել, TACC-ին հայտարարել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: Նրա խոսքերով չարագործները Հայաստանում նախապատրաստելիս են եղել պետական, հասարակական-քաղաքական գործիչների սպանություններ:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից նոյեմբերի 25-ին իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Հաղորդվում է, որ տանը կատարված խուզարկության ժամանակ 10 մարդ է ձերբակալվել: ԱԱԾ փոխանցմամբ՝ հանցավոր խումբը վնասազերծվել է ենթադրյալ հանցագործությունից մի քանի օր առաջ:
Նշենք, որ Հայաստանում ոչ բոլորն են լրջությամբ վերաբերում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկությանը: Շատերը ընդգծում են, որ խմբի վնասազերծումը բեմականացված ներկայացում էր հիշեցնում՝ հաշվի առնելով, որ խումբը վնասազերծելուց ժամեր անց մամուլի ներկայացուցիչներին հրավիրել էին դեպքի վայր: Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միքայել Համբարձումյանը նախընտրեց ուշադրություն չդարձնել այն հարցին, թե տանը կարող էին լինել խմբի բացակա անդամների հետքերը՝ ընդգծելով, որ տունը գրոհելուց և 10 հոգու ձերբակալելուց հետո խուզարկություն է կատարվել, առգրավվել են բոլոր իրեղեն ապացույցները։
Շրջանառվում է նաև վարկած, որ զինված խմբի վնասազերծումը քաղաքական համատեքստ ունի: «Իշխանություններն այդ հարցն օգտագործում են քաղաքական և քարոզչական նպատակներով՝ փորձելով վախեցնել հասարակությանը, որպեսզի վերջինս հրաժարվի մասնակցել զանգվածային տարբեր միջոցառումների, այդ թվում՝ դեկտեմբերի 1-ին կայանալիք «Նոր Հայաստանի» հանրահավաքին»,- նշել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և Նոր Հայաստան ճակատի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը
Նշենք, որ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում արդեն ձերբակալվել է 21 մարդ՝ այդ թվում 4 կին և ղարաբաղյան ազատամարտի 3 մասնակից: Ինչպես նշել է Համբարձումյանը նրանց կալանավորելու համար կան բավարար հիմքեր: Նշվում է, հանցավոր խմբի ղեկավարը 34-ամյա Արթուր Վարդանյանը 16 տարեկանից բնակվում է Իսպանիայում: Հայաստան է ժամանել այս տարվա ապրիլին և անմիջապես հայտվել է ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում: Մինչ այդ նա եղել է Սիրիայում, որտեղ որոշ տեղեկությունների համաձայն զբաղվել է հայկական համայնքի անդամների անվտանգության ապահովմամբ: «Հետաքննությունը ճշտում է այդ տեղեկությունները», - նշել է Համբարձումյանը:
Խմբի ֆինանսավորումը կազմում է մի քանի տասնյակ հազարավոր դոլարներ: Ներկայումս պարզվում են ֆինանսավորման աղբյուրները: Ինչպես նշել է Համբարձումյանը, խմբում առկա է եղել դերերի հստակ բաշխում, խմբի մասնակիցները գաղտնիությունը պահպանելու նպատակով ձեռնարկել են հնարավոր բոլոր միջոցները, միմյանց հետ կապվել են գաղտնի հեռախոսահամարներով:
Ավելացնենք, որ այս գործով հետաքննությունը կտևի 2-3 ամիս: