Մինսկը պատրաստ է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պաշտպանել Ադրբեջանի շահերը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հայտնում է Panorama.am-ը՝ հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը։
«Ադրբեջանը եղել և մնում է Բելառուսի հուսալի գործընկերը: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը և պատրաստ ենք բաց ու անկեղծ ձևով ձեր շահերը պաշտպանել Եվրասիական տնտեսական միությունում»,- նշել է Լուկաշենկոն:
Անդրադառնալով տնտեսական դժվարությունների համատեքստում երկու երկրների հարաբերություններին՝ Բելառուսի նախագահը ուրախություն է հայտնել, որ Բելառուսին ու Ադրբեջանին հաջողվել է պահպանել առևտրային հարաբերությունների մակարդակը:
Ինչպես նշվում է, Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ նեղ ձևաչափով հանդիպման ժամանակ Ադրբեջանի հանախագահի հետ կոնկրետ ուղղվածություն ունեցող համագործակցության ոլորտների շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել: