Մոսկվայում 89 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ու սիրված ռեժիսոր Էլդար Ռյազանովը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով նրա թոռանը` Դմիտրի Տրոյանովսկուն։
Ռյազանովը նոյեմբերի 21-ին հոսպիտալացվել էր: Այդ ժամանակ նշվում էր, որ նա ծանր վիճակում է: Մինչ այդ ռեժիսորը բուժման կուրս էր անցել սեպտեմբերին և հոկտեմբերին:
Էլդար Ռյազանովը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, ռուս և խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, հաղորդավար, գրող, պոետ, դրամատուրգ, պրոդյուսեր: Նա այնպիսի ֆիլմերի հեղինակ էր, ինչպես «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար» և շատ այլ ֆիլմեր: