Ռուսական «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» («Воскресный вечер с Владимиром Соловьевым») հաղորդման ժամանակ, որի ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական սրված հարաբերությունները, խոսք է գնացել նաև Ղարաբաղյան հակամարտության մասին։
«Անհրաժեշտ է թուրք ժողովրդին հասկացնել, թե ուր է տանում իր ղեկավարության ներկայիս քաղաքականությունը։ Իրականում չէ՞ որ Սիրիան միակ պլացդարմը չէ, որը դառնում է Թուրքիայի կողմից լուրջ տեղեկատվական հարձակման օբյեկտ։ Դա նաև Հայաստանն է: Իսկ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է»,- ասել է Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը:
Հաղորդավարը հիշեցրել է, որ Թուրքիան հայտարարել է, որ կօգնի Ադրբեջանին «վերադարձնել ադրբեջանական հողերը» և հավելել է, որ նրանք ցանկանում են սրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իսկ այդտեղ արդեն ներգրավված է ՀԱՊԿ-ն։
«Այդ առումով միջազգային հանրությունը պետք է Էրդողանին տեղը դնի, որովհետև եթե ռազմական հակամարտություն էլ առաջանա Հայաստանում, դա կլինի Ռուսաստանի ուղղակի պարտականությունը՝ ՀԱՊԿ պարտավորությունների համաձայն պաշտպանել իր դաշնակցին»,- ասել է Ժելեզնյակը: