Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Այս մասին Էրդողանն ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Նախագահները խոսել են սիրիական ճգնաժամի և ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման թեմայի շուրջ:
Ղազախստանի նախագահն ափսոսանք է հայտնել կատարվածի առնչությամբ, ինչպես նաև նշել, որ մտահոգված է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ: Նազարբաևը ստեղծված իրադրությունից ելք գտնելու համար առաջարկել է ռուս-թուրքական հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի միջադեպի մանրամասները:
Իր հերթին Էրդողանն ընդգծել է առաջիկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու իր պատրաստակամությունը:
Նազարբաևը հույս է հայտնել, որ կողմերը կօգտագործեն բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի լարվածությունը թոթափելու համար: