Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի համաշխարհային օրը: Այն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա և պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների ջանքերը միավորել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում:
Երբ ավելի քան քառորդ դար առաջ ՁԻԱՀ-ը գուժեց իր գոյությունը, քչերը կարող էին կանխատեսել, թե ինչ թափով այն կզարգանա: ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., իսկ 2007թ. դեկտեմբերի դրությամբ` աշխարհում արդեն ապրում էր մոտ 33 մլն ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի կրող: Համաճարակն այս ընթացքում խլել է մի քանի տասնյակ միլիոն մարդկային կյանք:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից և պատասխանատու վարքագծից: