Թուրք-սիրիական սահմանային գոտում Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման արդյունքում սիրիական հակամարտությունը նոր փուլ է թևակոխել: Սիրիան այսուհետ մի մարտադաշտ է, որտեղ պայքարում են ոչ միայն Իրանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և այլ ուժերի կողմից աջակցություն ստացող խմբավորումներն, այլ նաև իրանական, ռուսական և ամերիկյան ուժերը: Ինչպես նշում է Al-Monitor-ը, այս ամենի արդյունքում սիրիական ճգնաժամն ավելի վտանգավոր փուլ է մտնում:
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն առնվազն երկու կարևորագույն փոփոխություն մտցրեց սիրիական հակամարտությունում:
Նախ, միջազգային հանրության շրջանում էականորեն փոխվեց «Իսլամական պետություն», «Ջաբհաթ Ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում սիրիական բանակի դերի ընկալումը: Արևմտյան լրատվամիջոցները վերջին օրերին սկսել են գրել, որ Ռուսաստանի, Իրանի և Հեզբոլլահի աջակցությամբ գործող սիրիական բանակն ԻՊ-ի դեմ կռվող ամենարդյունավետ ուժն է:
Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և արտգործնախարար Լորան Ֆաբիուսը սկսել են խոսել ԻՊ-ի դեմ պայքարում սիրիական կառավարական զորքերի օգտագործման մասին, թեև միայն քաղաքական տրանսֆորմացիայի համատեքստում: Սա կարող է կարևոր անկյունաքար դառնալ հակաահաբեկչական լայն կոալիցիայի ստեղծման գործում, որի ուղղությամբ Ֆրանսիան Փարիզի ահաբեկչություններից հետո զգալի ջանքեր է գործադրում:
Եվ երկրորդ, Թուրքիայի հետ հարաբերությունների սրման համատեքստում հարմար հնարավորություն է ստեղծվում Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի միջև համագործակցության խորացման համար: Այս տեսանկյունից հատկանշական է, որ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը պայմանավորվեցին փոխանակվել Սիրիայում թիրախների վերաբերյալ տեղեկատվությամբ և հարվածել միայն ահաբեկիչներին: Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ: Փոխգործակցության հաջող օրինակ արդեն կա. ավելի վաղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել էին խուսափել Սիրիայի օդային տարածքում հնարավոր միջադեպերից: