Ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիոն հոսքերն ու Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը լինելու են ԵԱՀԿ Նախարարների խորհրդի օրակարգում: Ակնկալվում է, որ անդրադարձ կկատրավի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
Դեկտեմբերի 3-4-ը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահող Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա կառույցի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 22-րդ համաժողովը, որին 40 երկրների շարքում կմասնակցի նաև Հայաստանը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Եվրոպայում և հարևան տարածաշրջաններում ահաբեկչությունների նոր ալիքի տարածման համատեքստում ահաբեկչության դեմ պայքարը կդառնա ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը: Ինչպես տեղեկացնում է euronews-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, նախատեսվում է, որ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարները կանդրադառնան ահաբեկչության արմատներին և այդ չարիքի դեմ պայքարելու համար ջանքերի միավորման անհրաժեշտությանը: «ՌԴ այստեղ հույս ունի բաց և ապաքաղաքականացված երկխոսություն տեսնելու», - ընդգծել է նա:
Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն նաև միգրացիոն ճգնաժամը՝ մասնավորապես կարվի այդ երևույթի պատճառների վերլուծություն և փախստականների ծագման երկրներին, ինչպես նաև նրանց ընդունող երկրներին օգնություն ցուցաբերելու ուղիների կքննարկում:
Օրակարգում ընդգրկված է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի և դրանում ԵԱՀԿ դերակատարման քննարկումը: Նախատեսվում է, որ նախարարները հիմնականում ուշադրություն կդարձնեն Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքին և մասնավորապես՝ դրա քաղաքական բաղկացուցիչի վերլուծությանը: Բելգրադյան հանդիպմանը կարևոր տեղ կհատկացվի նաև եվրոպական անվտանգության ապագայի մասին քննարկումներին:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերով ԵԱՀԿ ԱԳ նախարարների գալիք հանդիպման համար մշակվում են 10-ից ավելի եզրափակիչ փաստաթղթեր՝ այդ թվում նաև միջազգային ահաբեկչությանը դիմակայելու նպատակով համագործակցության, քրիստոնյաների և մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականության դեմ պայքարի, ինչպես նաև «Հելսինկի +40» գործընթացի մասին հայտարարություններ:
Նախատեսվում է, որ Նախարարների խորհրդի նիստի ժամանակ անդրադարձ կարվի նաև Ղարաբաղյան հակամարտությանը՝ հաշվի առնելով այս կառույցի դերակատարումը հակամարտության կարգավորման գործընթացում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները 2014 թվականին հանդես եկան համատեղ հայտարարությամբ` վերստին ընդգծելով, որ հիմնահարցի համապարփակ կարգավորման հիմք են հանդիսանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում ամրագրված տարրերը և սկզբունքները:
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Բելգրադում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավոր է կայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, որի մասին, սակայն պաշտոնական որևէ բան դեռևս հայտարարված չէ: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ: