ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Փարիզում կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Օբաման միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը և Թուրքիան պետք է միասին աշխատեն երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և ստեղծված իրավիճակը կարգավորեն դիվանագիտական ճանապարհով: «Մենք բոլորս ունենք ընդհանուր թշնամի՝ «Իսլամական պետությունը», և ես ցանկանում եմ համոզվել, որ բոլորս կկենտրոնանանք դրա վրա», - նշել է Օբաման:
Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին Անկարայում խոսում են լարվածության առաջին օրերից՝ փորձելով տարբեր օղակներով շփում հաստատել Մոսկվայի հետ, որը վերջինս, սակայն մերժում է՝ որպես նախապայման նշելով ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման համար Անկարայի կողմից ներողություն խնդրելը: Սակայն, ինչպես հայտարարել էր Թուրքիայի նախագահ, Անկարան այդ միջադեպի համար չի պատրաստվում ներողություն խնդրել Մոսկվայից: Փոխարենը այդպիսի միջադեպերը կանխելու համար Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոչ է արել կապի ռազմական աղբյուր հաստատել Ռուսաստանի հետ, փոխանցում է Reuters-ը:
«Թուրքիան երբևէ կողմ չի արտահայտվել հակամարտություններին ու լարվածությանը։ Մենք հատուկ նպատակ չենք ունեցել ռուսական ինքնաթիռ կործանելու համար։ Այն, որ դա եղել է ռուսական ինքնաթիռ, մենք հետո ենք իմացել։ Մենք մեր սահմանները պաշտպանել ենք դրանք խախտած ինքնաթիռից։ Սիրիայի ճգնաժամը Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ճգնաժամ չէ»,- ասել է նա։
Դավութօղլուի հայտարարությանն արդեն արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Թուրքիայի հետ տեղեկատվության փոխանակման ռազմական ալիքը Սու-24-ի միջադեպի ընթացքում չի գործել և Ռուսաստանը մեղավոր չէ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ իրականում Թուրքիան, խոցելով ռուսական մարտական ինքնաթիռը, ցանկացել է ապահովել ԻՊ-ից նավթի հետագա անվտանգ մատակարարումը: «Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ մեր ինքնաթիռը խոցելու որոշումը պայմանավորված է եղել Թուրքիա նավթ հասցնելու ճանապարհները պաշտպանելու անհրաժեշտությամբ»,- հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ խոսքը անօրինական նավթի մատակարարման «արդյունաբերական մասշտաբների» մասին: Պուտինի խոսքերով՝ սիրիական թուրքմենների պաշտպանությունը միայն պատրվակ է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ ցավում է Մոսկվայի և Անկարայի միջև կառուցողական հարաբերությունները կորցնելու համար: Պուտինի խոսքերով` խնդիրները, որոնք այժմ սրվել են, Ռուսաստանը վաղուց փորձում էր լուծել, այդ թվում՝ խնդրել է դադարեցնել Մոսկվայի դեմ պայքարող ահաբեկիչներին Թուրքիայի տարածքում թաքցնելու սովորությունը: «Ցավոք, մենք չտեսանք մեր մտահոգությունների վերաբերյալ գործընկերային արձագանք»,- հայտարարել է Պուտինը:
Նշենք, որ չնայած երկու երկրների միչև լարվածությունը շարունակում է պահպանվել, սակայն նախորդ շաբաթվա համեմատ երկու կողմերի՝ հատկապես թուրքական կողմի հայտարարություններում որոշակի մեղմացում է նկատվում: Թուրքիայի վարչապետը նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները պատասխան պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ: Դավութօղլուն հայտարարել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները շատ կարևոր են, և Ռուսաստանին կոչ է արել գործել՝ առաջնորդվելով երկու երկրների շահերով։
Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովն իր հերթին հայտարարել էր, որ Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցները կախված կլինեն թուրքական ղեկավարության հայտարարություններից, որոնք, ի դեպ, բավականին մեղմ են: