Մշակույթն ու ստեղծարարությունը որպես եկամտի աղբյուր

13:15     3 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 4-ին 10.00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում տեղի կունենա Հայաստանում Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը:

Եթե Մեծ Բրիտանիայում մշակույթի և ստեղծարարության ոլորտները դարձել են ժամն ավելի քան 11մլն եվրո շահույթի աղբյուր, ապա Հայաստանում այս բնագավառները կայանալու ճանապարհին են: Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել այս ոլորտներում քաղաքականության մշակմանը և ներուժի հզորացմանը:

Մշակույթի և ստեղծարարության ոլորտներն ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի յոթ տոկոսը: Այս բնագավառները զարգանում են ավելի արագ, քան արտադրության և սպասարկման ոլորտները:

Մշակույթը և ստեղծարար ենթաոլորտները ներառում են ճարտարապետությունը, արխիվները, գրադարաններն ու թանգարանները, աուդիո-վիզուալ միջոցները (ֆիլմ, հեռուստատեսություն, տեսախաղեր և մուլտիմեդիա), նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, զարդանկարչությունը, փառատոները, երաժշտությունը, գրականությունը, կատարողական արվեստները, հրատարակչությունը, ռադիոն և վիզուալ արվեստները: Եվրամիության երկրներում այս բնագավառներում աշխատում են ամենամեծ թվով երիտասարդները`դառնալով երրորդ խոշորագույն գործատուն:

Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության մշակույթի և ստեղծարարության ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին՝ Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ադրբեջանում: Թեև ծրագիրը տարածաշրջանային է, սակայն յուրաքանչյուր երկրում այն կիրականացվի` հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները: Ծրագրի տևողությունը երեք տարի է, իսկ բյուջեն կազմում է  4,2 մլն. եվրո, հաղորդում են Բրիտանական խորհրդից:

Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն աշխատաժողովներ, դասընթացներ, առցանց ուսուցման հարթակներ և ճանաչողական այցեր` համախմբելով հանրային ու մասնավոր դերակատարներին, կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը:

 Ծրագիրը կառավարում  է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորվող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթե ինստիտուտի հետ: Ծրագիրը հիմնված է Արևելյան գործընկերության մշակութային I  ծրագրի (2011-2014) վրա, որը բաղկացած է տեխնիկական աջակցության և դրամաշնորհային եղանակով ֆինանսավորվող ծրագրերից:


© armedia.am