«Ոչ»-ի ճակատի երթն ավարտվել է, իսկ «Նոր Հայաստանը» կշարունակի մնալ Ազատության հրապարակում

21:30     3 դեկտեմբերի, 2015

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձևավորած «Ոչ»-ի ճակատի համատեղ երթն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, անցավ առանց միջադեպերի և ավարտվեց Ազատության հրապարակում:

Երթն առաջնորդում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նշենք, որ երթը հսկում էին ոստիկանները, իսկ Կառավարության շենքն ամբողջովին շղթայված էր ոստիկանական պատով: Երթի մասնակիցներն ամբողջ ընթացքում վանկարկում էին «Քվեարկիր ոչ», իսկ քաղաքացիներին հորդորում միանալ իրենց:

Գիշերը «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները կմնան Ազատության հրապարակում, իսկ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն Ազատության հրապարակ կվերադառնան դեկտեմբերի 7-ին, որտեղ կանցկացնեն հանրահավաք: Իսկ մինչև այդ Ազատության հրապարակում դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին՝ ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, հանրահավաք է հրավիրել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի կազմում են «Ժառանգությունն» ու «Հիմնադիր խորհրդարանը»: Նրանք մտադիր են ուղիղ եթերում միասին հետևել ձայների հաշվարկին և մինչև առավոտ մնալ հրապարակում:


© armedia.am