Հայաստանը ոգեկոչում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին

11:39     7 դեկտեմբերի, 2015

27 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ (12-բալանոց սանդղակով): Ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում: 

Երկրաշարժի առաջ բերած ալիքը տարածվել էր ողջ Երկրով և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի գիտական լաբորատորիաներում: 

Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 530 հազար բնակիչ: 

Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ  բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը: Մեծ ավերածություններ եղան նաև մեծությամբ երրորդ քաղաքում՝ Կիրովականում (այժմ Վանաձոր): Երկրաշարժը շարքից հանեց երկրի արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը: Այն ժամանակ Հայաստանին օգնության եկան Խորհրդային Միությունն ու ողջ աշխարհը: 

Այժմ աճել է մի ողջ սերունդ, որը ծնվել է սարսափելի երկրաշարժից հետո: Սակայն նրանք, ովքեր վերապրել են 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբեք չեն մոռանա լուսանկարները, որոնք ցուցադրվել էին  աշխարհի բոլոր հեռուստատեսություններով: Դրանցից մեկում փողոցում դրված էր դատարկ դագաղների երկար շարք, իսկ մյուսում փլատակների տակից դուրս էր ցցվել սյուն, որի վրա ժամացույցի սլաքները կանգ էին առել 11:41-ի վրա. հենց այդ րոպեին Սպիտակն ու 58 գյուղեր վերացան երկրի երեսից:


© armedia.am