Հակամիգրացիոն «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը ղեկավարում է Մարին Լը Պենը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վաստակեց քվեների շուրջ 28 տոկոսը՝ գլխավորելով ցուցակը 13 մարզերից առնվազն վեցում՝ ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության վերջնական հաշվարկների:
«Ազգային ճակատն» առաջ անցավ ինչպես նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի Հանրապետական կուսակցությունից, որը վաստակել է ձայների 27 տոկոսը, այնպես էլ նախագահ Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կուսակցությունից, որն, ըստ պաշտոնական գնահատականների, հավաքել էր ընդհանուր ձայների 23.5%-ը:
Մարին Լը Պենը հայտարարել է, թե արդյունքները ցույց տվեցին, որ «Ազգային ճակատն» այժմ ամենամեծ միասնական քաղաքական կուսակցություն է Ֆրանսիայում: «Դա հրաշալի արդյունք է, որը մենք պետք է ընդունենք պատասխանատվության խոր զգացումով»,- նշել է նա:
Լը Պենը կոչ է արել բոլոր «հայրենասերներին» միանալ և աջակցել իր կուսակցությանը երկրորդ փուլում և երես թեքել այն քաղաքական դասից, որը խաբում է նրանց:
Եվրոպայում կտրուկ ակտիվացած իսլամաֆոբիայի և հատկապես նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչությունների ֆոնին, Լը Պենի հաղթանակն ամենևին չի կարելի պատահականություն համարել և որոշ փորձագետների կարծիքով խիստ կանխատեսելի էր:
Բանն այն է, որ «Ազգային ճակատի» հաջողությունը գալիս է որպես տրամաբանական արդյունք՝ Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից հարյուր հազարավոր փախստականների անվերահսկելի ալիքի դեպի Եվրոպա: Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Դանիայի հակամիգրացիոն կուսակցությունների հաջողությունները վերջին շրջանում ևս այդ միտման մասին են վկայում:
Նույն միտումը դրսևորվում է նաև Նորվեգիայում և Շվեյցարիայում, որոնք չնայած ԵՄ անդամ պետություններ չեն, այնուամենայնիվ գտնվելով եվրոպական մայրցամաքում՝ պարբերաբար բախվում են նույն միգրացիոն խնդիրներին ու մարտահրավերներին և ելքեր են փնտրում միգրանտների հսկայական հոսքերից ազատվելու համար:
Իսկ բուն ԵՄ անդամ երկրների հակամիգրացիոն ուժերը հիմնականում պայքարում են ընդդեմ ԵՄ քվոտավորման համակարգի և այլ ԵՄ մակարդակով նախաձեռնությունների՝ ձգտելով ձեռք բերել որոշակի ինքնիշխանություն միգրանտների հետ կապված հարցերի շուրջ: