Հանրաքվեն հաստատեց այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր առանցքային պարտավորությունները՝ թույլ տալով քաղաքացիներին ազատ կամարտահայտվել Սահմանադրության փոփոխությունների հարցով։ Այս մասին դեկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդական առաքելության ղեկավար Ակրամշո Ֆելալիևը։
Նա նշել է, որ անցկացրած մշտադիտարկման արդյունքում անհրաժեշտ է նշել հետևյալը՝ հանրաքվեի անցկացման հանձնաժողովների ձևավորման կարգն ապահովել է դրանց կազմում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությունը, ինչը երաշխավորել է հանձնաժողովների աշխատանքի անաչառությունը։
«Քարոզարշավի մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունն անցել է հանգիստ»,- հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան՝ ընդգծելով, որ ամեն ինչ անցել է օրինականության սահմանում ու խաղաղ:
Սակայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ ԿԸՀ հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա՝ անցած հանրաքվեի ժամանակ հիմնական խախտումներն են լցոնումները, դիտորդների նկատմամբ աննախադեպ ճնշումները, բացակա ընտրողների փոխարեն քվեարկությունները, լրագրողների նկատմամբ ճնշումները, քաղաքացիներին ուղղորդված տեղափոխելը տեղամասից տեղամաս:
Դիտորդների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ հայտարարել է նաև Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի ներկայացուցիչ Լենե Վետելանդը: «Հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը և չեն կարող համարվել օրինական: Մենք հիասթափված ենք ինչպես քարոզարշավից, այնպես էլ բուն հանրաքվեից: Հանրապետական կուսակցությունը ճնշում է գործադրել ինչպես քվեարկողների, այնպես էլ լրագրողների վրա», - հայտարարել է նա:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը քվեարկության ընթացքում արձանագրել է որոշ թեթև խնդիրներ, մասնավորապես, ընտրացուցակների անճշտության, ընտրակաշառքի և կրկնակի քվեարկության դեպքերի մասին ահազանգեր: ԵԽԽՎ պատվիրակությունը հայտարարել է, որ Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացումը «պայմանավորված էր ոչ թե Հայաստանի հասարակության կարիքներով, այլ քաղաքական շահերով, և շատ քաղաքացիների կողմից ընկալվեց ավելի շուտ որպես վստահության քվեարկություն կառավարության հանդեպ, այլ ոչ թե փոփոխության համար»:
Նշենք, որ միջազգային լրատվամիջոցներն ևս անդրադարձել են Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին: Այսպես, Reuters-ը հրապարակել է «Հայաստանը քվեարկում է նախագահի լիազորությունները նվազեցնելու, վարչապետի լիազորություններն ավելացնելու համար» վերնագրով հոդված, իսկ գերմանական Deautche Welleն գրում է. «Հայաստանը քվեարկում է տարակարծիք հանրաքվեում»: Բրիտանական The Guardian հրատարակությունը և Կատարի QNA գործակալություններն էլ գրում են, որ կողմնակիցները փաստում են, որ այն կուժեղացնի ժողովրդավարությունը երկրում, սակայն ընդդիմադիրները հայտարարում են, թե այն պարզապես կօգնի իշխող կուսակցությանը մնալ իշխանության ղեկին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվե, որով կառավարման կիսանախագահական ձևից նախատեսվում է անցնել խորհրդարանականի: Ըստ ԿԸՀ-ի պաշտոնական կայքի հրապարակած փաստաթղթի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 567 հազար 47 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 303 հազար 466-ը, որոնցից «այո» են քվեարկել 825 հազար 851-ը, «ոչ»՝ 421 հազար 600-ը, անվավեր է ճանաչվել 53 հազար 332 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է: