Վատիկանն առաջին անգամ ֆինանսների աուդիտ է անցկացնելու

13:30     8 դեկտեմբերի, 2015

Հռոմի պապն առաջին անգամ նշանակել է Վատիկանի ֆինանսների արտաքին աուդիտ, որով կզբաղվի PricewaterhouseCoopers ընկերությունը: Նման աուդիտն անցկացվում է Վատիկանի պատմության մեջ առաջին անգամ՝ Հռոմի պապի խոստացած կաթոլիկական եկեղեցու բարեփոխումների շրջանակում: 

Բանն այն է, որ ֆինանսական ոլորտում վերահսկողության ցածր մակարդակը և թափանցիկության պակասը վաղուց բազմաթիվ քննադատությունների առիթ է դարձել: նախկինում եղել են բազմաթիվ ֆինանսական սկանդալներ, որոնք գցել են Վատիկանի՝ որպես աշխարհի սրբավայրի պատիվն ու հեղինակությունը:

Եվ ահա Վատիկանի տնտեսական հարցերով խորհուրդը նման որոշում կայացնելիս առաջնորդվել է «ֆինանսական կառավարման նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող չափանիշների ներդրումով», ինչի մասին հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին, ում խոսքերով՝ աշխարհի ամենահայտնի աուդիտային ընկերություններից մեկին դիմելը խիստ կարևոր մի քայլ է բարեփոխումների ճանապարհին:

 PricewaterhouseCoopers ընկերությունը գործելու է Վատիկանի տնտեսական հարցերով քարտուղարության հետ սերտ համագործակցությամբ ու սկսելու է իր գործունեությունը՝ Սուրբ գահի 2015 թ. կոնսոլիդացված բյուջեի ստուգումներից:

Նշենք նաև, որ այս տարվա ամռանը տնտեսական հարցերով քարտուղարության պրեֆեկտ, ավստրալիացի կարդինալ Ջորջ Փելը, ով ի դեպ համարվում է Վատիկանի ֆինանսների թափանցիկությունը բարձրացնելու ջատագովներից մեկը,  շեշտել է, որ 2014 թվականն անցումային էր բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են ֆինանսական հաշվետվության ձևակերպմանը, որի բարեփոխումն անցած տարի հաստատել էր Հռոմի պապը:

Այսուհետ Վատիկանի բյուջեի մասին տվյալները կպատրաստվեն հանրային ոլորտում ֆինանսական հաշվետվության միջազգային  չափանիշներին համապատասխան: 


© armedia.am