Սեյրան Օհանյանն Անջեյ Կասպրշիկին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը

14:27     9 դեկտեմբերի, 2015

ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: 

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ`  զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: 

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին Մասնավորապես, Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու առիթով՝ նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում: 

Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: 

Դեսպան Անջեյ Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

 


© armedia.am