Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր կայացել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի գործով վերաքննիչ բողոքի լսումները: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ դատարանն իրավապաշտպանին վաղաժամ պայմանական ազատելու վճիռ է կայացրել:
Հիշեցնենք, որ ծանր հանցագործությունների Բաքվի դատարանի վճռով Լեյլա Յունուսը 8,6 տարվա, նրա ամուսին Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման էին դատապարտվել: Դատավճռով առգրավվել էր նաև նրանց ողջ ունեցվածքը, բանկային հաշիվներից նրանց ֆինանսական միջոցները փոխանցվել էին պետական բանկերին: Նոյեմբերի 12-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Արիֆ Յունուսի խափանման միջոցը փոխարինելու վճիռ էր կայացրել, նա ազատ էր արձակվել երկրից չբացակայելու պայմանով:
Նշենք, որ Լեյլա Յունուսը չափազանց ծանր առողջական վիճակում է: Ադրբեջանցի փորձագետները մինչև այժմ կարծիք էին հայտնել, որ միայն առողջական վիճակի կտրուկ վատթարացումը կարող է Լեյլային ազատ արձակելու պատճառ դառնալ: