TNS Sofres-Onepoint հետազոտական ընկերության կողմից Ֆրանսիայում անցկացված հարցումները կանխատեսում են, որ շրջաններում անցկացվող ընտրությունների երկրորդ փուլում ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածուներ՝ Մարին Լե Պենը և Մարիոն Մարեշալ-Լե Պենը, պարտություն կկրեն:
Այսպես, Figaro թերթի և LCI հեռուստաընկերության համար կատարված հարցումները ցույց են տալիս, որ Մարիոն Մարեշալ-Լե Պենը, ով իր թեկնածությունն առաջադրել է երկրի հարավային Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանում, պարտություն կկրի «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Նիցայի քաղաքապետ Կրիստիանա Էստրոզիից, ում օգտին մտադիր են քվեարկել հարցման մասնակիցների 54 տոկոսը:
Երկրի հյուսիսային Նոր-Պա-դե-Կալե-Պիկարդիա տարածաշրջանում առաջադրված «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ևս ըստ հարցման արդյունքների կպարտվի «Հանրապետականների» թեկնածու Կսավյե Բերտրանին, ում օգտին մտադիր է քվեարկել հարցվածների 53 տոկոսը:
Նշենք, որ դեկտեմբերի 6-ին կայացած շրջանային ընտրությունների առաջին փուլում ազգայնականների այս երկու թեկնածուներն էլ վստահ հաղթանակ են տարել հանրապետականների նկատմամբ՝ 41-25 ձայների հարաբերակցությամբ:
Դեկտեմբերի 6-ին կայացած շրջանային ընտրութունների առաջին փուլում Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային ճակատը» դարձել է անվիճելի հաղթող: Ֆրանսիա միգրանտների ներհոսքը դադարեցնելու և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույնության մեծացման և Եվրամիության հետ հարաբերությունների արմատական վերանայման պահանջով հանդես եկող այս կուսակցության թեկնածուները հաղթել են երկրի 13 շրջաններից վեցում՝ ընդհանուր առմամբ հավաքելով ձայների 29,8 տոկոսը: Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Հանրապետականներ» կուսակցությունը առաջատար էր 4 շրջաններում՝ հավաքելով ձայների ՝ 26,2 տոկոսը, իշխող սոցիալիստները՝ 2 շրջաններում՝ ձայների 23,2 տոկոսով: Կորսիկայում հաղթել էր ձախ ուժերի դաշինքը:
Նշենք, որ նախկինում իշխող կուսակցությունը և պահպանողականները հանդես էին գալիս միավորվելու ցանկությամբ՝ ազգայնականների հաղթանակը թույլ չտալու համար: Սակայն ընտրություններից առաջ պահպանողականների առաջնորդ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ չի պատրաստվում պայմանավորվածություն ձեռք բերել իշխող կուսակցության հետ: Ազգայնականների վարկանիշի բարձրացմանը իր հերթին նպաստեցին նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները:
Ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կլինեն երկրորդ փուլից հետո, որը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին: Այստեղ հաղթանակի համար անհրաժեշտ կլինի ապահովել ձայների բացարձակ մեծամասնություն: