«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հավանաբար, ունի սարքավորումներ Սիրիայի քաղաքացիների վավերական անձնագրերի արտադրության համար, ինչը թույլ է տալիս նրանց մուտք գործել տարբեր երկրներ, ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության զեկույցում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, զեկույցում նշվում է, որ ԻՊ-ը, հնարավոր է, ունի տեխնոլոգիաների հասանելիությունը` սիրիական Դեյր-էզ-Զոր քաղաքի գրավումից հետո, որտեղ տեղակայված է անձնագրային բաժինը` անհրաժեշտ սարքավորումներով և մեծ քանակությամբ մաքուր բլանկերով: Եվս մեկ անձնագրային վարչություն գտնվել է Ռաքքա քաղաքում, որի գրավումից հետո այն գրեթե դարձել է գրոհայինների մայրաքաղաքը:
ABC հեռուստաալիքը նշել է, որ կեղծ սիրիական անձնագրերը բազմիցս հայտնաբերվել են Եվրոպայում: Մասնավորապես` այն օգտագործել են 2 ահաբեկիչներ, ովքեր մասնակցել են նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչություններին: Զեկույցի հեղինակները, հղում անելով տեղի աղբյուրներին, հայտնում են, որ Սիրիայում արդեն շատ են կեղծ անձնագրերը, որոնք կարելի է ձեռք բերել 200-400 դոլարով: