ԵԽ նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել ՄԻԵԴ-ի վճիռը

13:17     11 դեկտեմբերի, 2015

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դեկտեմբերի 8-9-ը մարդու իրավունքների հարցերով նիստ է անցկացրել՝ քննարկելով անդամ-երկրների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական վճիռների կատարման հետ կապված իրավիճակը: 

Contact.az-ի փոխանցմամբ` կոմիտեի տարածած հաղորդագրությունում, քննարկումների արդյունքում կայացված որոշման մեջ «խորը ափսոսանք» է արտահայտվել, որ Ադրբեջանի իշխանությունները մինչև հիմա չեն ազատել Իլգար Մամեդովին՝ չնայած Եվրոպական դատարանի որոշմանը և Ադրբեջանի ղեկավարությանն ուղղված բազմաթիվ դիմումներին: 

Որոշման մեջ կրկին պահանջվում է «անհապաղ» ազատել Իլգար Մամեդովին և հրաժարվել Եվրոպական դատարանի որոշման կատարումը շրջանցելու փորձերից: 

Ադրբեջանական REAL ընդդիմադիր շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Իսմայիլլի քաղաքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Միջազգային բազմաթիվ կազմակերպություններ բազմիցս կոչ են արել ազատ արձակել նրան՝ համարելով քաղբանտարկյալ։


© armedia.am