Հայաստանն ակտիվացնում է համագործակցությունը ԵՄ-ի հետ

20:31     11 դեկտեմբերի, 2015

Հայաստանի և ԵՄ-ի, ինչպես նաև ԵՄ անդամ առանձին երկրների հարաբերություններում ակտիվացում է նկատվում վերջին շաբաթվա ընթացքում։

Նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում ունեցավ ավստրիացի իր գործընկերջ հետ: Հանդիպման ժամանակ անդրադարձ արվեց տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Այս հանդիպմանը նախորդել է Նալբանդյանի այցը Բեռլին, որտեղ Գերմանիայի արտգործնախարարի հետ քննարկվել էր ինչպես երկկողմ հարաբերութունների զարգացման հեռանկարները ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը ստանձնելու համատեքստում, այնպես ԵՄ-Հայաստան հարաբերությունները:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ իրավական հիմքերին՝ նշենք, որ այս շաբաթ Բրյուսելում մեկնարկեցին նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները: Զուգահեռաբար, Հայաստանը ակտիվ բանացություններ է վարում ԵՄ տարբեր ծրագրերին միանալու շուրջ: Այսպես, նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկոսվկան ստորագրել են ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն-­COSME» (Competitiveness of Enterprises and Small and Medium­sized Enterprises Programme) ծրագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարի 1­-ից: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով այժմ գտնվում է Բրյուսելում, որտեղ նախատեսված են քննարկումներ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության՝ մասնավորապես «Էրազմուս+» և «Հորիզոն 2020» ծրագրերի շուրջ:

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել տրանսպորտի ոլորտում Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: Հայաստանը նաև ցանկություն է հայտնել ստանալու Գործողությունների ծրագիրը՝ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ հետ բանակցություններն առաջ մղելու համար:


© armedia.am