Իրանում պատրաստվում են նոր Հոգևոր առաջնորդի ընտրություններին: Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին հայտարարել է̦ որ իրանական հանձնաժողովը դիտարկում է հոգևոր առաջնորդի պաշտոնում հնարավոր թեկնածուներին: Ինչպես նշում է Reuters գործակալությունը̦ սա առաջին դեպքն է̦ երբ իրանցի պաշտոնյան հրապարակավ քննարկում է հոգևոր առաջնորդի ընտրության հարցը: Ակնկալվում է̦ որ մինչև 2016 թվականի փետրվարը̦ երբ պետք է կայանան Հոգևոր առաջնորդին ընտրող Փորձագետների խորհրդի ընտրությունները̦ այս հարցի շուրջ քննարկումներն ավելի կակտիվանան:
Իրանի ներկայիս Հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին (ծնվել է 1939 թվականին) Իրանի ամենաազդեցիկ պաշտոնյան է: Որպես հոգևոր առաջնորդ` նա ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է երկրի գործադիր̦ օրենսդիր և դատական իշխանությունները̦ ինչպես նաև ռազմական ուժերը: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բոլոր կարևոր որոշումները կայացվում են նրա համաձայնությամբ: Խամենեին հոգևոր առաջնորդի պաշտոնը ստանձնել է 1989 թվականին և այդ ժամանակվանից ի վեր ոչ մի անգամ չի լքել Իրանի տարածքը: Մինչ այդ 1981-1989 թվականներին զբաղեցրել է Իրանի նախագահի պաշտոնը:
Խամենեին Իրանի պատմության մեջ երկրորդ Հոգևոր առաջնորդն է Այաթոլլահ Ռոհալլահ Խոմեյնիից հետո̦ ով համարվում է Իրանի Իսլամական հեղաշրջման հայրը: Այս հարցում նրան մեծապես աջակցել է վերոնշյալ Աքբար Ռաֆսանջանին: Երեք տասնամյակ անց Ալի Խամենեին դարձել է վերջին դարաշրջանի իրանցի ամենաազդեցիկ գործիչներից մեկը: 1979 թվականին տապալված Շահ Մուհամեդ Ռեզա Փահլավիից հետո նա ամենաերկարակյաց իրանցի գործիչն է:
Իրանում Հոգևոր առաջնորդին ընտրող Փորձագետների խորհրդի ընտրությունները կայանում են 10 տարին մեկ անգամ: Փորձագետների խորհուրդը բաղկացած է 82 անդամներից: Խորհրդում երկու խմբեր են գերակշռում` պահպանողականներն ու չափավորները: Պահպանողականները կարծում են̦ որ հորգևոր առաջնորդը երկրի վրա Աստծո ներկայացուցիչն է, իսկ չափավորները̦ հավատալով Հոգևոր առաջնորդի աստվածային դերակատարմանը̦ կարծում են̦ որ նա իր օրինականությունը ստանում է ժողովրդից̦ և պետք է պատասխանատու լինի նրա առաջ: Ինչպես նշում է BBC-ն̦ որոշ չափավոր գործիչներ առաջարկում են փոխել հոգևոր առաջնորդության ներկա համակարգը` առաջարկելով Ալի Խամենեիին հաջորդող գործչի համար սահմանել կառավարման հստակ ժամանակահատված: Ներկա համակարգով Հոգևոր առաջնորդը իշխում է մինչև մահ: Սակայն գործող առաջնորդը մշտապես հակադրվել է այս առաջարկներին:
Վերջին տարիներին խորհրդում ամրապնդվել են պահպանողականների դիրքերը: Սակայն Իրանի ներկա նախագահ Հասան Ռոհանին և նախկին նախագահ Աքբար Ռաֆսանջանին̦ ովքեր խորհրդի անդամներ են և մտերիմ դաշնակիցներ̦ հույս ունեն միջուկային համաձայնագրի և պատժամիջոցների չեղարկման ֆոնին իրենց հանրաճանաչությունն օգտագործել չափավորներին ավելի շատ տեղեր ապահովելու համար: Չափավորների շարքից ամենահավանական թեկնածուն հենց Ռաֆսանջանին է:
Հավանական թեկնածուների շարքում ևս երկու ազդեցիկ անուն կա: Մեկը ներկայիս Հոգևոր առաջնորդի որդին է` Մոջթաբա Խամենեին̦ ով սերտ կապեր ունի պահպանողականների հետ̦ իսկ մյուսը Հասան Խոմեյնին է` նախկին առաջնորդի թոռը̦ ով աջակցում է չափավորներին:
Որոշ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, 2016 թվականի ընտրություններում մեծ է չափավորների հաղթանակի հավանականությունը: