«Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի հերթական հանդիպման ժամանակ մասնակից երիտասարդ մասնագետները, քաղաքագետները, տնտեսագետները, լրագրողներն ու ուսանողները ներկայացրին Իրան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման իրենց առաջարկները:
Համագործակցության հնարավոր ոլորտների շարքում մասնակիցներն առանձնացրին տնտեսական, գիտական, մշակութային, ռազմական, կրթական և մի շարք այլ ոլորտներ:
Ստորև ներկայացնում ենք մասնակիցների առաջարկներից մի քանիսը:
Օրինակ՝ Անահիտ Պողոսյանն առաջարկում է խորացնել Իրան-Հայաստան ռազմական համագործակցությունը. «Անվտանգության ոլորտում համագործակցությունը կարող է ներառել նաև հետախուզական տեղեկատվության փոխանակում: Ռազմական փորձի փոխանակման առումով մասնագետների փոխայցելությունները նույնպես կարող են օգտակար լինել»:
Ռազմական համագործակցության ավելի լայն տեսլական է առաջարկում մասնակիցներից Հայկ Կարապետյանը, ով կարծում է, որ Ռուսաստան-Չինաստան-Իրան-Հայաստան քառյակի ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցությունը կարող է կողմերի համար փոխադարձ շահավետ լինել:
Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հետագա հեռանկարներին՝ մասնակից Հասմիկ Վարդանյանն առաջարկում է նախքան Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտի ստեղծելը ձևավորել Իրան-Հայաստան երկկողմ ազատ տնտեսական գոտի:
Տնտեսական ոլորտում համագործակցությանը զարկ տալու հետ մեկտեղ՝ մասնակիցներն առաջարկում են նախաձեռնող լինել այլ ոլորտներում: Օրինակ՝ մասնակից Արփինե Հովսեփյանն առաջարկում է համագործակցել և ներդրումներ կատարել գիտության այնպիսի ճյուղերում, որոնք փոխադարձ հետաքրքրությունների ոլորտում են:
Մշակութային ոլորտի համագործակցությանը զարգացնելու նպատակով մասնակից Հովիկ Վերանյանն առաջարկում է ստեղծել հնագույն ժողովուրդների համագործակցության նոր ձևաչափ. «Օրինակ՝ Հայաստան-Իրան-Չինաստան-Հնդկաստան-Ճապոնիա մշակութային համագործակցության ձևաչափը թույլ կտա երկրներին ավելի լավ ճանաչել միմյանց՝ նպաստելով երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանը: Նման ձևաչափը կարող է նաև դառնալ նախադեպ՝ հետագայում այլ ոլորտներում համագործակցելու համար»:
Անդրադառնալով փոխադարձ ճանաչելիության խնդրին՝ մասնակից Յանա Ավանեսյանն առաջարկում է Հայաստանում ստեղծել, ինչպես ինքն է անվանում, «Հայագիտության կենտրոններ», որտեղ կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով Հայաստան ժամանած իրանցիները հնարավորություն կստանան ծանոթանալու հայոց լեզվին և մշակույթին:
շենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի առաջնային նպատակներից է բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր մոտեցմամբ հանդես գալու արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ և նպաստել նոր գաղափարների գեներացիային: