Թուրքական կառավարությունը շարունակում է երկրի հարավարևելյան նահանգներում պարետային ժամ մտցնել` խստացնելով փողոց դուրս գալու արգելքները: Քրդերն ահազանգում են. այս շրջաններում անվտանգության ապահովելու պատրվակով թուրքական իշխանությունները բնաջնջում են տեղի քուրդ բնակչությանը: Սպանված քաղաքացիներին արդեն հարյուրներով են հաշվում:
Երկրի կրթության նախարարությունը հաղորդագրություններ է ուղարկել Շիրնաք նահանգի Սիզրե և Սիլոփի շրջաններում աշխատող հազարավոր ուսուցիչների` հրահանգելով լքել այս շրջանները: Պաշտոնապես նշվում է̦ որ այս քայլն արվում է ուսուցիչներին վերապատրաստման ծրագրում ընդգրկելու համար:
Սակայն թուրքական իշխանությունների այս բացատրությանը Թուրքիայում ոչ ոք չի հավատում: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենը հայտարարել է̦ որ ուսուցիչներին այս շրջաններից հեռացնելը պարզ ցույց է տալիս̦ թե ինչ մակարդակի է հասել շրջանում ընթացող պատերազմը: Նման գործելակերպը ֆաշիզմ անվանելով` Բալուքենը թուրքական Today’s Zaman-ին ասել է. «Դիարբեքիր և Մարդին նահանգներում կոտորածների փորձեր են եղել»:
Քրդամետ կուսակցության խոսնակ Այհան Բիլգենն ասել է̦ որ ուսուցիչներին ուղարկված նախարարության հաղորդագրությունները ցույց են տալիս̦ որ կառավարությունը չի փորձում լուծումներ գտնել խնդիրի համար̦ ընդհակառակը̦ խորացնում է դրանք: Այհան Բիլգենն ընդգծել է̦ որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները̦ այդ թվում նաև կյանքի իրավունքը̦ երկրի հարավարևելյան շրջաններում կոպտորեն ոտնահարվում են:
Թուրքական կառավարության գործողությունների հետ համաձայն չեն նաև Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները: Մասնավորապես̦ Ազգային շարժում կուսակցության փոխնախագահ Օքթայ Օզթուրքը մեղադրել է կառավարությանը հարավարևելյան նահանգներում տիրող իրավիճակի համար` նշելով̦ որ իրավիճակի պատասխանատուն կառավարությունն է̦ որը սխալ քաղաքականություն է վարել կարգավորման գործընթացի ժամանակ:
Իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրիքուլուն̦ քննադատելով հարավարևելյան նախահանգներում երկարատև պարետային ժամ մտցնելու մարտավարությունը և ընթացող բախումները̦ նշել է̦ որ Թուրքիան վերջին շրջանում քրդական խնդրի հետ կապված իր ամենադաժան ճգնաժամն է ապրում: Նա զգուշացրել է̦ որ եթե կառավարությունն անհրաժեշտ խաղաղ միջոցներ չձեռնարկի̦ Թուրքիայի հարավարևելյան նահանգները վերածվելու են Սիրիայի:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կարծիքով Թուրքիան 30 տարվա ընթացքում ամենածանր, սակայն ամենահաջող պայքարն է մղում ահաբեկչության դեմ̦ գրում է Ermeni Haber գործակալությունը: «Բոլոր այդ շրջանները մաքրելու ենք ահաբեկիչներից: Եթե անհրաժեշտ լինի թաղամաս առ թաղամաս, փողոց առ փողոց, տուն առ տուն կմաքրենք», - վստահեցրել է Թուրքիայի վարչապետը: