ԵԽ-ն կհետաքննի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները

14:57     18 դեկտեմբերի, 2015

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահպանման  պաշտոնական հետաքննություն է նախաձեռնել, այս մասին հայտնում է ԵԽ պաշտոնական կայքը: 

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացահայտել է Ադրբեջանում օրենքների կամայական կիրառման դեպքեր, ինչը հատկապես խոսքի ազատությունը  սահմանափակելու և  քննադատական ձայները լռեցնելու նպատակ է հետապնդում»,-հայտարարել է Յագլանդը՝ ներկայացնելով իր նախաձեռնությունը:

«Վատթարացող հանգամանքների և իրավիճակը շտկելու ուղղությամբ դրական քայլերի բացակայության պայմաններում ես իմ ներկայացուցիչներին կգործուղեմ Ադրբեջան, ովքեր կառավարությունից հաշվետվություն կպահանջեն Ադրբեջանում Մարդու իրավունքների եվրոպական  կոնվենցիայի իրականացման վերաբերյալ: Ես հատկապես մտահոգված եմ այն հանգամանքով, որ մարդիկ զրկված են իրենց ազատություններից՝ երկրի օրինական իշխանությունները կողմից  լիազորությունները գերազանցելու արդյունքում: ՄԻԵԴ-ը բացահայտել է նման փաստեր Իլգար Մամեդովի գործում: Դա Կոնվենցիայի դրույթների լուրջ խախտում է»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ դեռ նախորդ տարվա մայիսին Եվրադատարանը հաստատել էր, որ Իլգար Մամեդովի դեմ հարուցված քրեական գործն իրավաբանորեն հիմնավորված չէ, նպատակ ունի զրկել նրան ազատությունից և այդպիսով կասեցնել նրա քննադատությունը կառավարության հասցեին:

Ըստ Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 52-րդ հոդվածի, ԵԽ գլխավոր քարտուղարն իրավունք ունի հետաքննություն նախաձեռնել` պարզելու համար, թե որքանով է ԵԽ անդամ երկրի օրենսդրությունն ապահովում Կոնվենցիայի դրույթների կատարումը: 

Սակայն ԵԽ գլխավոր քարտուղարը միայն բացառիկ դեպքերում է օգտվում այդ իրավունքից: Թ. Յագլանդն այդպիսի հետաքննություն առաջին անգամ է նախաձեռնում, նշում է ԵԽ պաշտոնական կայքը:


© armedia.am