Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, ով արձագանքեց «Սու 24»-ի միջադեպին

18:00     23 դեկտեմբերի, 2015

Ռուսական «Սու-24» կործանիչի վրա Սիրիայի օդային տարածքում Թուրքիայի կատարած հարձակումը և կործանումը «գրեթե դավաճանություն է»: Ըստ «TASS»-ի՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանն այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Դա մեզ համար իսկապես այդպիսի գործողություն էր, գրեթե դավաճանություն էր, ես դա այդպես կորակեի: Մենք ընդհանրապես չէինք սպասում այդպիսի գործողություններ մարդկանցից, որոնք ամբողջ աշխարհին հայտարարում են, թե մասնակցում են հակաահաբեկչական գործողություններում»,- ասել է Շոյգուն:

Նա Սեյրան Օհանյանին շնորհակալություն է հայտնել «Սու-24»-ի կործանման առնչությամբ Հայաստանի ցուցաբերած աջակցության և ցավակցության համար. «Դուք, գործնականում, առաջինն արձագանքեցիք այդ մեծ աղետին»:

Շոյգուի գնահատմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի 2015 թվականի ռազմական համագործակցության ծրագրերն ամբողջությամբ իրագործվել են «և՛ զորավարժությունների, և՛ մասնագետների պատրաստման հարցերում, մեր կրթական հիմնարկում սպաների ընդունման գործում և ռազմա-տեխնիկական համագործակցության հարցում»: 


© armedia.am