– Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ:
– Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Սա այն քիչ տոներից մեկն է, որը ոչ միայն գեղեցիկ է, ընտանեկան, այլև իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում. Քրիստոսի ծնունդով «Աստված Իր շնորհը հայտնեց` որպես փրկության միջոց բոլոր մարդկանց» (Տիտ.Բ:11):
Հայ Առաքելական եկեղեցին երկու Աստվածահայտնության տոները՝ Քրիստոսի Ծունդը և Մկրտությունը տոնում է միասին: Այս տոները կոչվում են Աստվածահայտնության տոներ, քազնի Սուրբ Կույսից ծնվելով՝ Քրիստոս երևաց որպես մարդ, իսկ Քրիստոսի Մկրտությամբ հայտնի դարձավ կուսածին մարդու` Հիսուսի Աստվածությունը: Քրիստոսին մկրտեց Հովհաննեսը և հենց այդ ժամանակ էլ անվանեց նրան Քրիստոս, որի մասին վկայեցին Հայրը, Սուրբ Հոգին և Հովհաննես Մկրտիչը, իսկ Հայր Աստված վկայեց. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17): Այդ նույն օրը հայտնվեց նաև Երրորդության խորհուրդը. Որդու մկրտությամբ, Հոր ձայնով և Սուրբ Հոգու աղավնակերպ իջմամբ:
Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոն պահոց շրջան է, որի ընթացքում մարդիկ ուտում են միայն բուսական ծագում ունեցող սնունդ: Իսկ հենց Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում երեկոյան Ճրագալույցի պատարագից հետո: Ճրագալույցը խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, որը մարդիկ պատարագից հետո տանում են իրենց տները՝ վառած մոմի տեսքով:
Հունվարի 6-ին առավոտյան եկեղեցում կատարվում է Սուրբ Պատարագ, որից հետո իրականացվում է Ջրօրհնեք, ինչը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Հրաշագործ ջուրն այնուհետև՝ օրհնված Խաչով և Սրբալույս Մյուռոնով, բաժանվում է մարդկանց՝ բժշկելու հոգևոր և մարմնավոր ախտերը:
Սուրբ Ծնունդը տոնելը այնուհետև շարունակվում է ընտանիքներում՝ հավաքվելով սեղանի շուրջ և հիշելով, որ Հիսուս ծնվեց մեզ հետ լինելու, մեր դժվարությունները կիսելու և մեղքերից մեզ ազատելու համար: Հիսուս եկավ, որպեսզի այս երկրի վրա ոչ ոք այլևս իրեն մոռացված ու լքված չզգա, որպեսզի ջերմացնի, լուսավորի մեր հոգիները, լցնի սիրով ու խաղաղությամբ:
Սուրբ Ծնունդը լոկ ուրախ ու գեղեցիկ տոն չէ, այլ այն հոգևոր վերածնունդի տոն է, օր, երբ Հիսուս ծնվում է մեր յուրաքանչյուրի սրտում՝ մաքրագործելով մեր հոգիները:
Թող որ Քրիստոսի սերը, զորությունը և խաղաղությունը լինի մեր սրտերում և ընտանիքներում: Շնորհավո′ր Սուրբ Ծնունդ: