Եթե դեկտեմբերի 31-ին փողոցներով քայլելիս նկատեք դրսում դրված տոնական սեղան, որի մյուս ծայրը չի երևում, մի՛ զարմացեք, ուրեմն դուք Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) Մարտակերտ շրջանի Ծմակահող գյուղում եք և կարող եք վստահ լինել, որ ձեր ամանորյա տրամադրությունը ապահովված է: Աշխարհի անցուդարձից հեռու, բարձր լեռների վրա գտնվող այս չնաշխարհիկ գյուղում Ամանորը վերածվում է իրական տոնի: Հավաքվում են մեծ ու փոքր, գյուղամիջում ամանորյա սեղան են պատրաստում, այն զարդարում ավանդական հայկական յոթ ճաշատեսակներով (մայրապուր, կչեղաշ, տարեգատա և այլն) և հայկական դհոլ-զուռնայի ներքո արցախցիները դիմավորում են Նոր տարին` յուրաքանչյուրն իր սրտում հպարտ լինելով, որ դա հնարավոր է անել ազատ, անկախ հայրենիքում:
Եթե շրջում եք մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներով և նկատում եք, որ շրջապատի առարկաները դժվար են նշմարվում, կրկին զարմանալ պետք չէ, օդում տարածվել է հայկական ավանդական խորովածի ծուխը: Դեկտեմբերի 31-ին ժամը 20:00-ից սկսած դժվար է գտնել որևէ առանձնատուն, շենքի բակ, որտեղ դրված չլինի խորովածի պատրաստման համար անհրաժեշտ մանղալը, որի շուրջ շենքի բնակիչները համերաշխ պատրաստում են հայկական ավանդական ուտեստը:
Իսկ եթե այնպես է ստացվում, որ այդ շենքում, այլ վայրից, օրինակ` Երևանից, հյուր ունեն, ապա հյուրը կարող է անհոգ լինել, քանի որ արցախցիների հյուրընկալության և սրտաբացության շնորհիվ նա իրեն կզգա ինչպես սեփական ընտանիքում: Ասվածը ավելի լավ պատկերացնելու համար կարող եք ուղղակի Ամանորի նախօրեին զանգահարել ցանկացած արցախցու տուն և ասել, որ ցանկանում եք Ամանորը Արցախում դիմավորել և ձեզ անհրաժեշտ է բնակարան: Չզարմանաք, որ պատասխանը լինի Ամանորը միասին դիմավորելու առաջարկ նույն արցախցու բնակարանում:
Եթե դեկտեմբեռրի 31-ին` 24:00-ից րոպեներ առաջ, որոշեք զբոսնել տոնական Շուշի բերդաքաղաքի ամանորյա փողոցներով և մտնել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար, որի դռները անգամ ուշ երեկոյան բաց են ձեզ համար, ապա չզարմանաք, երբ այնտեղ նուռը ձեռքին փոքրիկ մանչուկ գտնեք, ով շտապել է մայր տաճար` տոնական նուռը օրհնելու:
Դե իհարկե տոնը տոն չէր կարող լինել, եթե սահմանին կանգնած չլիներ քաջ, հայ զինվորը, ում անձնվիրության և բազկի ուժի շնորհիվ հայերը հայկական երկու հանրապետություններում կարողանում են ապահով դիմավորել Ամանորը: Պատահական չէ, որ տոնական սեղանին հիմնական կենացներից մեկը գրեթե միշտ նվիրված է հայ զինվորին:
Շնորհավոր բոլորիս Ամանորը և ևս մեկ անգամ շնորհակալություն հայ զինվորին: