Մերկելը փախստականների խնդրի պատճառով չեղարկել է այցը Դավոս

14:00     11 հունվարի, 2016

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է չեղարկել իր այցը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին երկրում փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով, տեղեկացնում է Financial Times-ն:

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասի խոսքով՝ հարձակումները, որոնք ներգաղթյալների կողմից իրականացվել են կանանց հանդեպ Քյոլնում, Շտուտգարդում, Համբուրգում և երկրի այլ քաղաքներում, «կազմակերպված հանցավորության բոլորովին նոր մակարդակ են»։  Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքից կամ Հյուսիսային Աֆրիկայից հարյուրավոր փախստականների հարձակումները կարող են նախապես պլանավորված ակցիա լինել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելի կուսակցությունը պատրաստվում է խստացնել փախստականների համար կանոնները՝ Քյոլնում անկարգություններից հետո:


© armedia.am