Նախորդ՝ 2015թ-ը համաշխարհային տնտեսության մեջ նշանավորվեց՝ որպես նավթի գների անկման տարի: Նավթ արդյունահանող գրեթե բոլոր երկրների տնտեսություններն առավելապես զգացին «սև ոսկու» գների անկման հետևանքները:
Չնայած երկար ժամանակ ձեռնարկվող արհեստական միջոցառումներին, տարեվերջին արդեն ադրբեջանական տնտեսությունը ևս սկսեց քաղել նավթի գների շարունակվող անկման դառը պտուղները: Մասնավորապես խոսքը վերաբերում է մանաթի փոխարժեքի՝ լողացող համակարգին անցմանն, ինչով սկիզբ դրվեց ադրբեջանական արժույթի արժեզրկման գործընթացի մեկնարկին:
Այս տարվա հունվարից մեր հարևան տնտեսությանը սպասվելիք դժվարություններն արդեն ավելի նշմարելի են դառնում: Հունվարի 4-8 ընկած ժամանակահատվածում լոնդոնյան բորսաներում ադրբեջանական նավթի գներն անկում են ապրել 5% -ով, ինչը համարժեք է 1.79 դոլար/ բարելի:
Գների անկումն առաջին հարվածն արդեն հասցրել է ադրբեջանական ֆինանսական շուկայի վրա: Մասնավորապես արտարժույթի փոխանակումների սահմանափակման, իսկ սպասումների համաձայն, շուտով նաև գլոբալ սահմանափակումների տեսքով: Ներկայումս Ադրբեջանի Կենտրոնական բանկի կողմից փոխանակման կետերում դոլարի առքի վրա դրված է 500 դոլարի սահմանափակում, որից ավել գումար փոխանակելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Համեմատության համար նշենք, որ նախկինում այդ սահմանափակումը վերաբերում էր 5000 դոլարից ավել գումարին:
Մյուս կողմից, սպասումները. մինչ սույն թվականի մարտ-ապրիլ ամիսները Ադրբեջանի ԿԲ կողմից սպասվում է որոշում, համաձայն որի արտարժույթ հնարավոր կլինի փոխանակել միայն բանկերում և դրանց մասնաճյուղերում: Ֆինանսական շուկայի նկատմամբ պետության նմանատիպ խոշորամասշտաբ ինտերվենիցաներն շատ խոսուն փաստեր են ստեղծված դրության մասին:
Այսպիսի դրություն մի երկրի համար, ում բյուջեի 70 % ապահովվում է նավթից ստացված եկամուտներից, բնական է: Հասկանալի ու կանխատեսելի է նաև զարգացումների հետագա ընթացքն, այնքանով, որքանով, որ կանխատեսել են նավթի գների հետագա փոփոխությունները:
Հավելենք, որ Համաշխարհային բանկն ադրբեջանական տնտեսության համար կանխատեսել է ճգնաժամային տարի, եթե նավթի գները պակաս լինեն 40 դոլարից: Ներկայումս այն կազմում է 34 դոլար մեկ բարելի դիմաց: