Հունվարի 19-ին Եվրախորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Լեհաստանի իշխանությունների քաղաքականությունը: Ինչպես նշել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, Լեհաստանում քաղաքական փոխակերպումները «հակասում են եվրոպական հիմնական արժեքներին»: Եվրոպացի պաշտոնյաների մոտ մեծ մտահոգություն է առաջացրել լեհական իշխանությունների կողմից իրականացված օրենքի վերջին երկու փոփոխությունները: Խոսքը Սահմանադրական դատարանի և ԶԼՄ-ների մասին օրենքներում փոփոխությունների մասին է: Վերջինս երկրում լուրջ դժգոհություններ է առաջացրել: Բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ ուղղված խոսք իրավունքի ազատությունը սահմանափակելու իշխանությունների քաղաքականության դեմ: Ըստ լեհ լրագրողների` իշխանությունների կողմից ԶԼՄ-ների մասին օրենքում կատարած փոփոխությունները, որով կառավարությանն իրավունք է տրվում ուղղակիորեն հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարներ նշանակել, զգալիորեն ուժեղացնում են երկրում մամուլի նկատմամբ վերահսկողությունը:
Այս օրենքը մեծ դժգոհություն էր առաջացրել ոչ միայն լեհերի, այլ նաև եվրոպացի պաշտոնյաների մոտ: Spiegel ամսագրում տեղեկություն էր հայտնվել, որ գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ հանդես են գալիս հօգուտ Լեհաստանի դեմ պատժամիջոցների: Չնայած Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Բեռլինում Լեհաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ծրագրեր չկան, այնուամենայնիվ Բրյուսելի և Վարշավայի միջև լարվածությունը շարունակում է արտացոլվել հենց Բեռլին-Վարշավա հարաբերություններում: «Ավելի հեշտ է քննակել Լեհաստանում ԶԼՄ-ների ազատության մտացածին սպառնալիքի մասին, քան քննարկել սեփական երկրում առկա գրաքննությունը», - նշել է Լեհաստանի արդարադատության նախարար Սբիգնև Զեբրոն՝ ընդգծելով, որ Բրյուսելի առջև այժմ ծառացած են ավելի լուրջ խնդիրներ, քան Լեհաստանի ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունները, որոնք Վարշավայի պնդմամբ կոչված են ԶԼՄ-ները ավելի անկախ և օբյեկտիվ դարձնելուն:
Լեհաստանի կառավարող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին իր հերթին հայտարարել է, որ եվրոպացի, հատկապես գերմանացի քաղաքական գործիչների կողմից ճնշումը Վարշավային չի ստիպի շեղվել բարեփոխումների ճանապարհից:
Ավելացնենք, որ Բեռլինի և Վարշավայի միջև հարաբերությունները սրվել են ավելի վաղ՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության այս տարվա ամռանը իշխանության գալուց հետո, քանի որ վերջինս հրաժարում էր պաշտպանել Բեռլինի միգրացիոն ճգնաժամի հաղթահարման քաղաքական կուրսը և ընդունել միգրանտներին: