«Գազպրոմ»-ը Վրաստանին ավելի մատչելի գազ է առաջարկում, քան SOCAR-ը. Կալաձե

13:12     13 հունվարի, 2016

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «Գազպրոմ»-ի առաջարկած գազն ավելի էժան է, քան՝ ադրբեջանականը։ Նրա խոսքերով՝ եթե Վրաստանը գնի այդ բնական գազը, ապա դա կհավասարակշռի այն դեֆիցիտը, որը չի կարողանում լրացնել ադրբեջանական SOCAR-ը, հայտնում է «Գրուզիա-Օնլայնը»:

«Ես զերծ կմնամ թվեր հնչեցնելուց, սակայն կարող եմ ասել, որ գինը ցածր է ներկայումս Ադրբեջանի հետ մեր ունեցած գներից։ Այդ գները բավական մրցունակ են, և մենք դրանք ներկայացրել ենք SOCAR-ին՝ բացարձակապես բաց ձևով նրանց հայտնելով, որ ունենք այսպիսի առաջարկներ: Վաղը մենք հանդիպում ունենք SOCAR-ի հետ և հայտարարություն կանենք դրանից հետո»,- նշել է Կալաձեն։

Ըստ նախարարի՝ SOCAR-ը չի կարող ամբողջովին բավարարել Վրաստանի գազային պահանջարկը, ինչի պատճառը խողովակաշարերի թողունակությունն է և բնական գազի սպառման սեզոնային լինելը։


© armedia.am