Թուրքիայի հարավարևելյան նահանգներում քրդերի սպանդը շարունակվում է: Քրդական Rudaw գործակալությունը հայտնում է, որ թուրքական կառավարության և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև բախումների հետևանքով Դիարբեքիր նահանգի Սուր շրջանն ավիրվել է: Նման տեղեկություններ են գալիս նաև Շիրնաք նահանգի տարբեր շրջաններից:
Սակայն, թուրքական իշխանությունները շարունակում են հերքել Թուրքիայում քրդական խնդրի առկայությունը` քրդերի դեմ արշավը ներկայացնելով որպես ահաբեկչության դեմ պայքար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ հրաժարվում է լսել իր հանրության ձայնը` նրանց անվանելով «տգետներ»:
Հենց այսպես է Էրդողանն արձագանքել Թուրքիայի հարավարևելյան նահանգներում բռնությունը դադարեցնելու և քրդական խնդրի խաղաղ կարգավորմանը վերադառնալու ավելի քան 1000 թուրք և օտարերկրացի գիտնականների կոչին: Վերջիններս հայտարարել են, որ «չեն ցանկանում այս հանցագործության մաս լինել»: Ի պատասխան`Թուրքիայի Կրթության հարցով բարձրագույն խորհուդը հայտարարել է, որ իրավական միջոցներ է կիրառելու այս դիմումը ստորագրած թուրք գիտնականների դեմ, հայտնում է РИА Новости-ն:
«Այդ ամբոխը, որն իրենց գիտնական է կոչում, իր հայտարարության մեջ մեղադրում է պետությանը: Դուք, որ ձեզ մտավորականություն եք կոչում, տգետ մարդիկ եք: Դուք ամենևին նման չեք մտավորականների: Դուք ոչինչ չգիտեք արևելքի և հարավ-արևելքի մասին: Իսկ մենք այն գիտենք մեր տան հասցեի նման», - ասել է Էրդողանը` Անկարայում ելույթ ունենալով թուրք դեսպանների առջև: